1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գևորգ Չմշկյան. Թիֆլիսի հայկական թատրոնի հիմնադիրը

Գևորգ Չմշկյան. Թիֆլիսի  հայկական   թատրոնի    հիմնադիրը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գևորգ Չմշկյան… Այս անունը ոսկե տառերով է գրված հայ պրոֆեսիոնալ թատրոնի պատմության մեջ։ Նա այն եզակի գործիչներից է, ում անունը հայերը կհիշեն, քանի կլինի  հայկական թատրոնը։

Մենք՝ հայերս, հպարտանում ենք, որ հայկական թատրոնը սկիզբ է առել երկու հազար տարի առաջ։ Տակավին մ.թ.ա 69 թվականին հույն պատմիչ Պլուտարքոսը գրել է, որ հայերը Տիգրանակերտում ունեցել են թատերական շենք։ Նույն պատմիչը պնդում է, որ 53 թվականին Արտաշատ քաղաքում բեմադրվել է Էվրիպիդեսի «Բաքոսյան քրմուհիներ» պիեսը։ Մի կողմ թողնենք մեր ինքնսիրությունը շոյող հույն պատմիչնի ասածները, անդրդառնանք մեր պրոֆեսիոնալ թատրոնի պատմությանը։ Իսկ հայ պրոֆեսիոնալ թատրոնի տարեգրությունը սկսվում է 19-րդ դարի 60-ական թվականներից, դա փաստ է։ Եվ այդ տարեգրության մեջ իր արժանի, ես կասեի՝ անսասան  տեղն ունի Գևորգ Չմշկյանը։ Եթե մեր թատերական արվեստի խորհրդանշական օթյակում մենք առանձին աթոռներ հատկացնենք Գևորգ Չմշկյանին ու Պետրոս Ադամյանին, Սիրանույշին ու Միհրդատ Աֆրիկյանին, Գեդեոն Միրաղյանին, Հովհաննես Աբելյանին,Վահրամ Փափազյանին ու Հրաչյա Ներսիսյանին և էլի շատ ու շատ հայ դերասան-դերասանուհիներին, ապա Գևորգ Չմշկյանի աթոռը պիտի որ ոսկեզօծ լինի։ Ինչո՞ւ… Այն պարզ պատճառով, որ նա  է դարձել հայկական առաջին պրոֆեսնոնալ թատրոնի հիմնադիրը, առաջին դերակատարն ու ռեժիսորը։

Այսօր Գևորգ Չմշկյանը կլիներ 180 տարեկան։ Գևորգ Չմշկյանի անունը հայտնի է ոչ միայն թատերագետներին, այլև թատերասեր լայն հասարակությանը։ Նա ծնվել է Թիֆլիսում 1837 թվականի  մարտի 7-ին  (նոր տոմարով՝ մարտի 19-ին)։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Հենց նորաբաց Ներսիսյան դպրոցում 1824 թվականին դպրոցի սաների և որոշ ուսուցիչների  ջանքերով   առաջին անգամ հայերեն լեզվով ներկայացում է բեմադրվում։  Այդ սիրողական արտիստական խումբը արդեն իսկ մեծ հեղինակություն էր վայելում Թիֆլիսում, երբ նրանում ընդգրկվեց պատանի ներսիսյանական Գևորգ Չմշկյանը։ Հենց այստեղ էլ նա կայացավ որպես թատրոնի մշակ, ում ի վերուստ պատվավոր առաքելություն էր տրված՝ դառնալ հայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրը, առաջին գլխավոր դերակատարն ու ռեժիսոր, հայ բեմում առաջին Օթելլոն կամ Պեպոն։

Ինչպես իր «Մեր թատրոնի ուղին» գրքում գրել է ճանաչված թատերագետ Սարգիս Մելիքսեթյանը, հայերեն լեզվով առաջին ներկայացումը բեմադրվել է 1668 թվականին Լվովում, ապա գրեթե մեկ դար անց, 1760 թվականին՝ Վենետիկում,  1815 թվականին՝  Պոլսում, հետո՝ Թիֆլիսում։  Թիֆլիսից ութ տարի հետո (1832 թ.) հայերեն ներկայացում է բեմադրվում նաև Մոսկվայում։ Եվ դա հասկանալի է։ Ինչպես հայ գիրն ու գրականությունը ծաղկեցին Հայաստանից դուրս, այնպես էլ տեղի ունեցավ թատրոնի հետ։  Եվ զարմանալի չէ, որ  հայ թատերական արվեստն առավելապես  զարգացել է Թիֆլիսում և Պոլսում, որտեղ կար հայության ստվար զանգված, կային դպրոցներ, լույս էին տեսնում թերթեր։

Մի խոսքով, կար աշխույժ մշակութային կյանք։                                                                                                                                                                                                                                                           

Դժվար թե այս գողտրիկ շարադրանքում հնարավոր լինի մինչև վերջ բացահայտել  Գևորգ Չմշկյանի գործունեության բոլոր կողմերը, արժանի գնահատական տալ նրան՝ որպես դերասանի ու ռեժիսորի, թատերական գործչի, հայ իրականության մեջ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադրի, անգամ  թատերագրի։

…19-րդ դարի վաթսունականների սկզբներին Թիֆլիսում գործում էր երկու թատերախումբ, որոնք հավակնում էին պրոֆեսիոնալ դառնալուն։ Սակայն մի քաղաքում, այն էլ պրոֆեսիոնալ թատրոնի արշալույսին, երկու թատերախումբ ունենալը այնքան էլ հեշտ գործ չէր, եթե չասենք՝ մեծ շռայլություն էր։ Ահա թե ինչու 1863 թվականի հոկտեմբերին Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այդ երկու  թատերախմբերը միավորվեցին և դրանով դրվեց Թիֆլիսի պրոֆեսիոնալ թատրոնի հիմքը։ Գևորգ Չմշկյանը դառնում է այդ  թատրոնի ղեկավար, ինչպես ժամանակակիցներն են ասել՝ «այդ պրոֆեսիոնալ թատրոնի և դերասանական խմբի ոգին»։ Ահա թե ինչ է գրել այդ առնչությամբ   Պերճ Պռոշյանը . «…նա տոկունությամբ գլուխ կանգնեց երկու խմբից ի մի ձուլված նոր խմբի և… իր ուսին առավ հայ թատրոնի ծանր բեռը և տնքալով առաջ տարավ երկար ու ձիգ տարիներ։ Նորաստեղծ թատրոնի խաղացանկում ընդգրկված առաջին գործերից մեկն էլ Գաբրիել Սունդուկյանի «Գիշերվա սաբրը խեր է» պիեսն էր։  Սունդուկյանի մուտքը դրամատուրգիա շռնդալից էր։ «Գիշերվա սաբրից» անմիջապես հետո նա գրում է «Խաթաբալա», «Օսկան Պետրովտչն էն կինքում», «Նոր Դիոգինես», «Էլի մեկ զոհ» «Պեպո», «Քանդած օջախ» կատակերվությունները։  Նրան իրավամբ համարում են հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիրը, որի գործերը սիրով բեմականացնում էին Վրաստանի սիրողական խմբերը՝ հայ թե վրացի։           

1865 թվականին Գևորգ Չմշկյանի ղեկավարած թատերախումբը հյուրաղաղերով հանդես եկավ Շուշի, Երևան և Ալեքսանդրապոլ քաղաքներում։ Այդ ժամանակ արդեն իսկ մեծ հեղինակություն ձեռք բերած Գեբրիել Սունդուկյանը  Գևորգ Չմշկյանի հետ ձեռք-ձեռքի տված ձեռնամուխ եղավ հայ պրոֆեսիոնալ թատրոնի զարգացմանը, դերասանական կադրերի պատրաստմանը։  1870- ական թվականների վերջերին Թիֆլիսում ստեղծվում է Թատերական կոմիտե, որի    ղեկավար կազմում էին Գաբրիել Սունդուկյանը, Գրիգոր Արծրունին, Աբգար Հովհանիսյանը և ուրիշներ։ Այդ կոմիտեի հանձնարարությամբ Գևորգ Չմշկյանը 1879 թվականին գործուղվում է Պոլիս՝ դերասաններ հրավիրելու։ Նրա այդ առաքելությունը հաջողությամբ է պսակվում։ Նրա հետ Թիֆլիս են գալիս Պետրոս Ադամյանը, Աստղիկ և Սիրանույշ քույրերը։

Այո, հենց Թիֆլիսում է ծաղկել Պետրոս Դուրյանի, Սիրանույշի, Ազնիվ Հրաչյայի, Դավիթ Թուրյանի դերասանական տաղանդը։Այդ թատրոնում է իրեն դրսևորում որպես ռեժիսոր Գևորգ Չմշկյանը։ Նա ձեռնամուխ է լինում Շեքսպիրի գործերի բեմադրմանը։ Նա դեռ բեմ է հանում անգլիացի դասականի «Վենետիկի վաճառականը», որտեղ կատարում է գլխավոր հերոսի՝Շեյլոկի դերը։ Որոշ ժամանակ անց նա բեմադրում է հատվածներ «Օթելլո» ողբերգությունից։ Ամբողջական «Օթելլոն» Չմշկյանը բեմադրում է 1884 թվականին՝ Շեքսպիրի ծննդյան 320-ամյակի կապակցությամբ։ Այդպիսով նա դառնում է հայ իրականության մեջ առաջին դերասանը, ով հանդես է գալիս Շեյլոկի և Օթելլոյի դերերում։ Հետագայում Չմշկյանը հատուկ Պետրոս Ադամյանի համար բեմադրում է «Համլետը», նույն հեղինակի «Կամակոր կնոջ սանձահարումը» կատակերգությունը։ Սակայն Չմշկյանը միայն Շեքսպիրով չի սահմանափակվում։ Նա ձեռնամուխ է լինում ռուս դասական հեղինակների՝ Ալեքսանդր Օստրովսկու, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Նիկոլայ Գոգոլի, Միխայիլ Լերմոնտովի գործերի բեմադրությանը, դրանցում կատարելով հերոսների դերերը՝ նույնպես առաջին անգամ հայ բեմում։

Ինչքան էլ խոսենք Գևորգ Չմշկյանի մասին՝ որպես ականավոր թատերական գործչի, այնուամենայնիվ չենք կարող առանձնակի չանդրադառնալ Չմշկյան-Պեպոյին։ Ինչպես վկայում է նրա ժամանակների մամուլը, Չմշկյանի կերտած Պեպոն լավագույնն է եղել հայկական բեմում։

Տարիներ առաջ ինձ՝ Արմենպրեսի թղթակցիս, բախտ է վիճակվել զրուցել վրաց ականավոր թատերագետ, «Գաբրիել Սունդուկյանը և վրացական թատրոնը» ուսումնասիրության հեղինակ  Գրիգոլ Բուխնիկաշվիլու հետ, ով Սունադուկյանի մասին ասել է.«Սունդուկյանի դերն անգնահատելի է նաև վրացական պրոֆեսիոնալ թատրոնի կայացման գործում։ Նրա գործերով սկզբում հրապուրվեցին սիրողական խմբերը, որտեղ կոփվում էին վրացական ապագա պրոֆեսիոնալ թատրոնի կադրերը, այն թատրոնի, որը Թբիլիսիում ստեղծվեց 1879 թվականին։ Սունդուկյանի «Պեպոն» վրացական բեմում առաջին անգամ ներկայացվել է 1874 թվականին Քութայիսում՝ տեղի սիրողաւան խմբի ջանքերով։ Մեկ տարի անց, 1875 թվականի նոյեմբերի 27-ին, սունդուկյանական այդ գլուխգործոցը հերթական անգամ բեմ բարձրացվեց, այս անգամ մայրաքաղաք  Թբիլիսիում՝ տեղի սիրողական խմբի ուժերով։ Ի տարբերյություն քութայիսյան ներկայացման, այս անգամ Պեպոյի դերը կատարելու համար հրավիրվել էր հայկական թատրոնի ճանաչված դերասան Գևորգ Չմշկյանը։ Շուրջ երեք շաբաթ անց, հանդիսատեսի խնդրանքով,  այդ ներկայացումը նույն կազմով կրկնվում է։ Այդ առնչությամբ վրացական հեղինակավոր «Դրոեբա» («Ժամանակ») թերթը տպագրում է այդ պարբերականի խմբագիր  Սերգի Մեսխիի գրախոսականը, որտեղ մասնավորապես ասված է,որ  ներկայացումներըը լայն արձագանք գտան վրաց հասարակության շրջանում և ըստ էության վերածվեցին հայ-վրացական բարեկամության ցույցի։ Ըստ գրախոսի, այդ ներկայացումների կայացման գործում մեծ վաստակ ուներ նաև  ինքը՝ Գաբրիել Սունդուկյանը՝ մասնակցելով բեմադրության նախապատրաստական աշխատանքներին։

Հեռավոր 1875 թվականին Գևորգ Չմշկյանը ի՞նչ իմանար, որ ուղիղ 80 տարի անց, 1955 թվականի նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ռուսթավելու անվան թատրոնում կայանալու էր «Պեպոյի» 200-րդ ներկայացումը և այս անգամ էլ Պեպոյի դերում հանդես էր գալու հայազգի դերասան՝  Գևորգ Չմշկյանի հիմնադրած թատրոնի իրավահաջորդ՝ Թբիլիսիի Ստափան Շահումյանի անվան թատրոնի  դերասան, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Ներսիսյանը, ով նույնպես իր դերը կատարելու էր վրացերեն լեզվով։   Բայց այս անգամ բեմում լինելու էին ոչ թե սիրող դերասաններ, այլ Վրաստանի մայր թատրոնի լավագույն դերասանները։ Այդ ներկայացումը նույնպես վրաց  թատերասեր հասարակայնությունը պիտի ընդուներ  նույնպիսի խանդավառությամբ ու ջերմությամբ, ինչպես 1875 թվականի նոյեմբերին կայացած  ներկայացումները։

Ինչ վերաբերում է վրաց հասարակայնության շրջանում Գաբրիել Սունդուկյանի հեղինակությանը, ապա այդ մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ վրաց թատրոնի շատ մեծեր իրենց բենեֆիսների ժամանակ ընտրում էին հենց Սունդուկյան պիեսներից վերցրած դրվագներ։

Մեզ հետ զրույցում Գրիգոլ Բուխնիկաշվիլին բերեց ևս մեկ փաստ, որ վկայում էր այն մեծ հեղինակության մասին, որ Սունդուկյանը վայելում էր վրաց մտավորականության շրջանում։ Բացի այն, որ Սունդուկյանի գործերը  թարգմանել են ոչ միայն պրոֆեսիոնալ թարգմանիչներ, այլև վրացական թատրոնի երևելի  գործիչներ Վասո Աբաշիձեն, Կոտե Ղիփիանին, բերենք ևս  մեկ ոււշագրավ փաստ. Սունդուկյանի պիեսներում խաղացել են վրաց գրականության այնպիսի հզոր դեմքեր,  ինչպիսիք են Ակակի Ծերեթելին,Ալեքսանդրե Ղազբեկին, Շալվա Դադիանին, Ավքսենտի Ցագարելին, Իոսեբ Բաքրաձեն, Վալերիան Գունիան։ Իսկ  վրացական նորագույն թատրոնի հիմնադիր Կոտե Մարջանիշվիլին առաջին անգամ բեմ է բարձրացել  1895 թվականի հունվարի 4-ին, Սունդուկյանի «Խաթաբալա» պիեսում կատարելով Մասիսյանցի դերը։

Բուխնիկաշվիլին նույնպիսի բարձր գնահատական տվեց նաև Գևորգ Չմշկյանին, ընդգծելով նրա անուրանալի դերը վրաց թատրոնի կայացման գործում, երբ նա իր մասնակցությամբ ու խորհուրդներով մեծապես նպաստում  էր տակավին  սաղմնավորման փուլում գտնվող վրաց թատրոնի երիտասարդ դերասաններին։

Բացի թատերական գործունեությունից, Գևորգ Չմշկյանը թողել է մի շարք գրական գործեր։ Մասնավորապես, նա թարգմանել է մոտ 20 պիես, հեղինակել է «Իմ թատրոնական հիշողությունից» գիրքը, ինչպես նաև մի շարք պիեսներ, այդ թվում՝ «Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում»  և այլն,  բազմաթիվ հրապարակախոսական և թատերական հոդվածներ։

Ահա այսպիսին է Գևորգ Չմշկյանը, ում անունը կհիշվի, քանի դեռ կա հայկական թատրոնը։ Իսկ թատրոնը, ինչպես գիտեք, հավերժ է… 

Լևոն Ազրոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]