1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Անտիպ զրույց. Վանիկ Սանթրյանն ինքն իր մասին…

Անտիպ զրույց. Վանիկ Սանթրյանն ինքն իր մասին…

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանիկ Սանթրյան. նրան ներկայացնելու կարիք չկա, մշակույթի, ժուռնալիստիկայի ոլորտներում գործունեություն ծավալած յուրաքանչյուր անձի համար նրա անունն ու ազգանունը խոսուն են հազար բառից: Հետաքրքիր է, թե իրեն ինչպես է ներկայացնում Վանիկ Սանթրյանն ինքը. նույնքան համ ու հոտով, ինչպես կմնա ժամանակակիցների հուշերում: Զրույցն արվել է «Արմենպրես»-ում՝ 2012թ. սկզբին: Ներկայացվում է խմբագրական չնչին միջամտություններով:

«Վանիկ Սանթրյան (անձնագրով Վանյա) Ալեքսանի: Մորս անունն Անուշ է: Մայրս ապրել է 82 տարի, հայրս՝ 92: Մայրս հինգ տղա է բերել, չորսը մահացել են մանուկ հասակում, երկուսին հիշում եմ, երկուսին չեմ հիշում: Նույնիսկ անուններն եմ հիշում, միշտ հայրս, մայրս ասում էին: Ես այդ հինգի միջնեկն եմ, այսինքն՝ երրորդ երեխան:

Ծնվել եմ 1935թ. հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում: Այն մի հրաշալի գյուղ է, այնքան հրաշալի, որ երբ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն ինձ ասաց. «Այ տղա, չեմ հասկանում՝ գրող ես, նկարիչ ես, ժուռնալիստ ես, ամբողջը ոնց ես կարողանում քեզ մոտ կուտակել», Բագրատ Ուլուբաբյանը՝ դարձյալ գրող, դարձյալ ղարաբաղցի, ասաց. «Ընկեր Սարինյան, դու նրա գյուղում եղե՞լ ես, նրա Թաղավարդում», ասաց՝ չէ, Ուլուբաբյանը պատասխանեց. «Դու էլ այնտեղ լինեիր, այդ բոլոր շնորհները կունենայիր, որովհետև այդ գյուղը մի չքնաղ գյուղ է՝ պաղ աղբյուրներով, զով անտառներով, այգիներով…»: Այնքան գեղեցիկ գյուղ է իմ ծննդավայրը, որ նույն շրջանի Քերթ գյուղի կոլխոզի նախագահը մի օր ասել է. «Ավելի լավ է Թաղավարդի գերեզմանոցում մեռել լինել, քան Քերթ գյուղում կոլխոզի նախագահ»: Այդքան հրաշալի գյուղ է՝ Ստեփանակերտից մի 35-40 կմ հեռավորության վրա:

1941 ընդունվել եմ դպրոց, 1951-ին ավարտել, դպրոցում սովորել եմ լավ, գերազանց, մեդալի թեկնածու եմ եղել, բայց 10-րդ դասարանում դասի ժամանակ ես և ֆիզկուլտուրայի դասատուն իրար տվել ենք, կռիվ ենք արել, և ինձ մեդալից զրկել են:

Ես պետք է գայի և ընդունվեի պոլիտեխնիկական ինստիտուտ, ուզում էի ինժեներ դառնալ, սակայն ինձ մեդալից զրկելու համար, ես եկա և ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ու գրականության բաժինը. իմ «հայոց լեզու» առարկան այնպես աղավաղեցին, ինձ երեք նշանակեցին, և ես ընդունվեցի այդ ֆակուլտետը ի հեճուկս նրանց:

Համալսարանում տվեցի վեց քննություն: Քննություն տվածների մեջ առաջինն էի իմ ցուցանիշներով: 1951-1952 ուստարում ավարտել եմ դպրոցը, 1952թ. ընդունվել եմ ԵՊՀ, ավարտել 1957թ.: Լավ սովորել եմ մինչև երրորդ կուրս: Երրորդ կուրսից հետո չեմ սովորել, քանի որ հասկացա, որ չեմ աշխատելու որպես հայոց լեզվի ուսուցիչ: Երրորդ կուրսում կապվեցի ռադիոյի հետ, «Սովետական Հայաստան», «Ավանգարդ» թերթերի հետ: Եղան շատ լավ մարդիկ, ովքեր ինձ օգնեցին ընտրել այս ճանապարհը, որը կոչվում է ժուռնալիստիկա:

Ավարտելով համալսարանը՝ նույն թվականին ընդունվել եմ նորաբաց «Երևան» թերթի խմբագրություն, աշխատել հինգ տարի՝ մինչև 1962թ.:

1962թ. հրավիրվել եմ «Արմենպրես», որտեղ աշխատել եմ 48 տարի, 2010թ. իմ կամքի համաձայն՝ թողել եմ «Արմենպրես»-ը:

Գրողիների, նկարիչների, ժուռնալիստներ միության անդամ եմ:

35 գրքի հեղինակ եմ և մոտ 10 այլ հեղինակների գրքերի խմբագիր, առաջաբանների հեղինակ:

Մոտ 300-400 նկարների հեղինակ եմ: Նկարների մեծ մասն ընկերներիս մոտ են նվիրատվությամբ: Աշխարհի որ երկրում ասես նկարներ ունեմ, նաև «Արմենպրես»-ի պատերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]