Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մարտ

ՀՕՖ-ը սատարում է Հրազդանի հաշմանդամ երեխաներին աջակցող ցերեկային կենտրոնին


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրազդանի «Երեխաների աջակցության հիմանդրամի» ու Հայ օգնության ֆոնդի  (ՀՕՖ) «Այո» բազմաֆինանսավորման հարթակի համատեղ ջանքերով հիմնադրամի ցերեկային կենտրոնում մարտի 20-ին տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր բարձրացնել հիմնադրամի  վերաբերյալ իրազեկվածությունը և ֆինանսական միջոցներ հայթայթել՝ վերջինիս գործունեությունը շարունակելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակից՝ հավելելով. «Միջոցառմանը ներկա էին ցերեկային կենտրոնի շահառու երեխաներն իրենց ծնողների հետ ու կենտրոնի բարեկամները։

«Ցերեկային կենտրոնը մեծ դերն ու նշանակություն ունի Հրազդանի և հարակից շրջանների տարբեր հաշմանդամություն ունեցող շուրջ 150 երեխաների համար, որոնք կետրոնի մասնագետների կողմից  կրթական, առողջապահական և սոցիալական խնամք են ստանում»,- բացման խոսքում ասաց Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամի» տնօրեն Կամո Առաքելյանը։

2017 թվականի հունվարի 1-ից հիմնադրամի շրջանակներում գործող ցերեկային կենտրոնը, որը Հրազդանում ու շրջակա գյուղերում ապրող շուրջ 150 հաշմանդամ երեխայի ապահովում է կրթական, առողջապահական և սոցիալական խնամքով, պետք է դադարեցներ գործունեությունը ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով:

ՀՕՖ-ի «Այո» հարթակը հրատապ ծրագիր է նախաձեռնել՝ աջակցելու Հրազդանի կենտրոնին։ Մինչ «Այո»-ն փորձում է ֆինանսական միջոցներ հայթայթել, ՀՕՖ-ի աջակցությամբ կենտրոնը կշարունակի գործել ևս 3 ամիս։

«Ֆինանսավորման դադարեցումից հետո շուրջ 3 ամիս երեխաները կանգնել էին փակ դռների հետևում։ Մենք փորձեցինք միջոցներ հայթայթել և դիմեցինք տեղական ու միջազգային կազմակերպություններ, սակայն միայն Հայ օգնության ֆոնդը մեզ ձեռք մեկնեց», - նշեց Կամո Առաքելյանը։

Միջոցառմանը հյուրերին և կենտրոնի երեխաներին իրենց գեղեցիկ ելույթներով պատվեցին «Զոդիակ» երգի պարի խումբը, կենտրոնի սաները ներկայացրին «Հրաշագեղ կենդանիներ» տիկնիկային ներկայացումը, որին հետևեց երեխաների պատրաստած նկարների աճուրդ-վաճառքը։

«Այո»-ն ակտիվ գործունեություն ցուցաբերող երիտասարդների նախաձեռնություն է, որը տեղական խնդիրներին առաջարկում է տեղական լուծումներ: «Այո»-ի նախագծերը ստեղծված են ոգեշնչելու հայ երիտասարդներին Հայաստանի տարածքում, ինչպես նաև Հայաստանից դուրս, խթանելու միասնականության ուժը և լավագույնին հասնելու ձգտումը»:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ