Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հանգիստ` Կովկասյան Շվեյցարիայում. Travelblog-ի անդրադարձն Արցախի զբոսաշրջային գրավչությանը

Հանգիստ` Կովկասյան Շվեյցարիայում. Travelblog-ի անդրադարձն Արցախի 
զբոսաշրջային գրավչությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձբալթյան երկրներում հայտնի ճանապարհորդական բլոգը` travelblog.lv-ն, մեծ հոդված է նվիրել Արցախին` ուշադրություն հրավիրելով դրա զբոսաշրջային գրավչության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածը վերնագրված է հետևյալ կերպ. «Հանգիստ` գոյություն չունեցող երկրում. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:

«Կովկասյան Շվեյցարիա. նման անվանում է ստացել աշխարհի ոչ մի երկրի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անդրկովկասում գտնվող Արցախի (այդպես են հայերն անվանում ԼՂՀ-ն) լեռները 40 տոկոսով պատված են անտառային զանգվածներով»,- գրում է հոդվածի հեղինակը` նշելով, որ թեպետ երկիրը քաղաքական և տնտեսական մեկուսացման մեջ է և ունի տարածքային խնդիր, սակայն կառավարությունը սկսել է ակտիվորեն զբաղվել զբոսաշրջության զարգացմամբ:

«Վերջին 10 տարվա ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերել Արցախի նկատմամբ, ավելացել է ավելի քան 4 անգամ` հասնելով տարեկան 16 հազարի»,- նշում է բլոգը` ընդգծելով, որ տարածաշրջանի վերականգնման ծրագրի նպատակով արտերկրում բնակվող հարուստ հայրենակիցների միջոցներով կառուցվել են հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ, վերակառուցվել ու կանգնեցվել են դպրոցներ, հիվանդանոցներ և բնակելի թաղամասեր, վերանորոգվել են ճարտարապետական կոթողներ:

Կայքը նշում է, որ ԼՂ մուտքը հնարավոր է միայն Հայաստանի ցամաքային տարածքով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ ձեզ կդիմավորեն մի քանի սիրալիր զինվորականներ, կխնդրեն ցույց տալ անձնագրերը և պարտադիր գրանցվել Ստեփանակերտում, ինչը, ինչպես հետո պարզվեց, տևում է ընդամենը 10 րոպե ու անհրաժեշտ է միայն վիճակագրության համար»,- գրում է հեղինակը:

Նա ներկայացնում է 53 հազար բնակչություն ունեցող մայրաքաղաք Ստեփանակերտը, «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, Գանձասարի վանքը, Տիգրանակերտն ու այնտեղ իրականացվող հնագիտական պեղումները, Շուշին` Ղարաբաղի հայերի ազատագրման ու անկախության խորհրդանիշը, Ջդրդուզը, «Զոնտիկներ» մինի-ջրվեժը, Դադիվանքը և այլն: Հեղինակի ուշադրությունից չի վրիպում նաև «ժենգյալով հացը»:

«Արցախի զբոսաշրջային գրավչությունը հաստատվել է համաշխարհային առաջատար պարբերականների կողմից: Դրանցից կարելի է առանձնացնել The New York Times-ի լրագրողի հոդվածը` «Տաք ընդունելություն Կովկասում», ինչպես նաև բրիտանական The Guardian-ի կողմից ԼՂՀ-ն ամառային արձակուրդներն անցկացնելու լավագույն երկրների մեջ ներառելու փաստը»,- եզրափակել է հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]