Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վենետիկի հայկական կղզին. Euronews-ի անդրադարձը Մխիթարյան միաբանությանը

Վենետիկի հայկական կղզին. Euronews-ի անդրադարձը Մխիթարյան միաբանությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում հայկական ներկայությունը ձգվում է Լոնդոնից Լառնակա, Լիսաբոնից Լվով. հայկական կաթոլիկ Մխիթարյանների միաբանությունն այդ ժառանգության ամենաազդեցիկ օրինակներից է, այն այս տարի նշում է իր 300-ամյա ներկայությունը Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «Վենետիկի հայկական կղզին» խորագրով հոդվածում գրում է Euronews կայքը:

Ներկայացնելով Մխիթարյան միաբանության հիմնադրման պատմությունը` լրատվամիջոցը նշում է, որ միաբանության հայրերը առհասարակ Եվրոպայում, իսկ, մասնավորապես, նաև հայկական աշխարհում մեծ ազդեցություն են ունեցել հետազոտությունների, կրթության և տպագրության գործում: Մինչ օրս Մխիթարյանների հիմնած վանական համալիրն աշխարհում երկու քաղաքներից մեկն է, որը կարող է գլուխ գովել արդեն երեք հարյուր տարուց ավել ամեն տարի առնվազն մեկ հայերեն գիրք հրատարակելու առնչությամբ: Այս վանականների ջանքերով նշանավոր եվրոպական գործերի թարգմանություններով, հնագույն ձեռագրերի առաջին տպագրություններով կամ այլ ճանապարհով հայկական ժառանգությունը ցույց է տրվել Եվրոպային, և նմանապես Եվրոպան հասանելի է դարձել հայերին՝ նրանց գործունեության շնորհիվ:

«Մխիթարյան միաբանությունը մշտապես ծառայել է որպես կամուրջ` կապելով հայկական իրականությունը եվրոպական աշխարհի հետ` գիտության և հոգևոր ոլորտում, ինչպես նաև կամրջել է համամարդկային արժեքները. այն Արևմուտքում Արևելքի ներկայացուցիչն է և արևմտյան գաղափարներն արևելյանի վերածողը»,- նշել է հայր Սերոբ Չամուրլյանը:

«Սուրբ Ղազարի հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ Նապոլեոն Բոնապարտն այդ վանական համալիրին գործունեությունը շարունակելու հատուկ թույլտվություն տրամադրեց` այն դեպքում, երբ նա 1810 թվականին Վենետիկում փակել էր մյուս կրոնական կառույցները: Մի քանի տարի անց կղզու ամենահայտնի հյուրը` լորդ Բայրոնը,1816-1817 թվականներին մի քանի ամիս անցկացրեց հայերենի ուսումնասիրման վրա»,- գրում է Euronews-ը:

Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ Մխիթարյան միաբանությունն այսօր այնքան ակտիվ չէ, որքան նախկինում, ավելի քիչ անդամներով և ավելի աշխարհիկ գլոբալ միջավայրում աճող մարտահրավերներով, սակայն նրա ջանքերով շարունակում են չորս վարժարան գործել Բեյրութում, Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում ու Ստամբուլում: Կրթահամալիր է գործում նաև Երևանում:

Euronews-ը հայտնում է, որ Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ սեպտեմբերին նախատեսվում են հատուկ միջոցառումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am