Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամուսնության պալատում ցանկացած ոք կարող է գրանցել իր ամուսնությունը

Ամուսնության պալատում ցանկացած ոք կարող է գրանցել իր ամուսնությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զաքիյան 3 հասցեում գտնվող ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատը 2014 թվականից նոր սրահ ունի, որտեղ ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է կատարել իր ամուսնության հանդիսավոր գրանցումը: «Արմենպրես»-ը ամուսնություն գրանցելու համար պահանջվող փաստաթղթերի, ժամկետների, վճարների և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Ամուսնության պալատի պետ Լեյլա Խեչումյանի հետ:

-Տիկին Խեչումյան, 2014 թվականից Ամուսնության պալատը հյուրընկալում է ամուսնանալ ցանկացող զույգերին: Ի՞նչ փաստաթղթեր  են անհրաժեշտ Պալատում ամուսնություն գրանցելու համար ու ովքե՞ր կարող են ամուսնություն գրանցել:

Ամուսնության պալատում ամուսնություն գրանցելու համար անհրաժեշտ է միայն, որ զույգը ներկայա իրենց անձնագրերով: Մեզ մոտ ամբողջ գործընթացը էլեկտրոնային է. դիմումը մուտքագրում ենք էլեկտրոնային համակարգ, զույգը ծանոթանում է դիմումին, ստորագրում և օրենքով սահմանված կարգով՝ տասն օր հետո, նշանակում ենք ամուսնության գրանցման օրը:

-Ամուսնության պալատում ամուսնություն գրանցելու համար որքա՞ն գումար պետք է  վճարի քաղաքացին պետական բյուջե ու արդյո՞ք կան հավելյալ վճարովի ծառայություններ, որոնք կատարվում են միայն քաղաքացու ցանկությամբ:

-Եթե քաղաքացին ուղղակի ուզում է գրանցել ամուսնություն և չի ցանկանում որևէ հանդիսավոր արարողություն, ապա, ինչպես բոլոր տարածքային բաժիններում, այնպես էլ Ամուսնության պալատում նախատեսված է պետական տուրք՝ 1000 (հազար) ՀՀ դրամի չափով: Գալիս են Պալատ, ստորագրում փաստաթուղթը և ստանում իրենց ամուսնության վկայականը:  Իսկ եթե զույգը ցանկանում է, որ գրանցումը լինի հանդիսավոր արարողակարգով, ապա դրա համար կա արտաբյուջեով նախատեսված վճար՝ 20 հազար ՀՀ դրամի չափով, որն իր մեջ ներառում է երաժշտություն, հանդիսավոր գրանցման տեքստ և այլն:  Դահլիճի պայմանները թույլ են տալիս, որ զույգերը ներկայանան իրենց հյուրերի հետ և միասին նշեն իրենց կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը:

-Ե՞րբ և ո՞ր օրերին քաղաքացին կարող է ամուսնություն գրանցել: Օրինակ, եթե զույգը ցանկանում է ամուսնությունը գրանցել ոչ  աշխատանքային օրում, արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել:

- Մենք աշխատում ենք բոլոր աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրը՝ մինչև կեսօր: Եթե քաղաքացին ցանկանում է ոչ աշխատանքային օր գրանցել իր ամուսնությունը, ապա արտաբյուջե պետք է վճարի 50 հազար ՀՀ դրամ:

-Այլ երկրի քաղաքացին իրավունք ունի՞ Պալատում ամուսնություն գրանցել ու ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, որքա՞ն գումար պետք է վճարի ծառայությունից օգտվելու համար:

-Սահմանափակումներ չկան. և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրյա քաղաքացիները սպասարկվում են նույն ձևով, տարբերությունը միայն նրանումն է, որ օտարերկրյա քաղաքացիներն ամուսնության դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն և իրենց ցանկությամբ նշում, որ ուզում են իրենց ամուսնությունը գրանցել Ամուսնության պալատում: Ուղեգիրը ներկայացնում են մեզ, որտեղ արդեն իսկ նշված է ամուսնության գրանցման օրը: Հավաստիացնում եմ ձեզ, որ որևէ սահմանափակում կամ փաստաթղթային քաշքշուկ գոյություն չունի:

-Կա՞ արդյոք վիճակագրություն, թե նախորդ տարի որքան ամուսնություն է գրանցվել Պալատում:

Համաձայն վիճակագրության՝ ՀՀ ամբողջ տարածքով Ամուսնության պալատն ամենաշատ ամուսնությունն է գրանցում: Ամռան ամիներին ամուսնության գրանցումների թիվն ավելի է շատանում: Օրինակ, 2016 թվականին Ամուսնությունների պալատը գրանցել է 1214 ամուսնություն: Ի դեպ, նշեմ, որ Պալատը միայն ամուսնություն չէ, որ գրանցում է. մենք կատարում ենք նաև ծննդի գրանցում, անվան, ազգանվան, հայրանվան ուղղման կամ փոխման գործեր և այլն:

-Ծննդյան վկայականի տրամադրման գործընթացը որքանո՞վ է հեշտացվել:  Արդյո՞ք քաղաքացին ՀՀ որևէ տարածքում ծնված երեխայի ծննդյան պետական գրանցումը կարող է կատարել Պալատում:

-Միանշանակ, ինչպես ամուսնության գրանցման, այնպես էլ այս պարագայում տարածքային որևէ խտրականության կամ սահմանափակման խնդիր չկա: ՀՀ ցանկացած քաղաքացի ցանկացած հիվանդանոցում ծնված երեխայի ծնունդ կարող է գրանցել Պալատում: ՔԿԱԳ ոլորտում կատարված բարեփոխումների արդյունքում հնարավոր է դարձել հիվանդանոցում էլեկտրոնային համակարգ ներբեռնված տեղականքը տեսնել նաև մեզ մոտ:  Քաղաքացին Պալատ է ներկայանում՝ իր հետ բերելով հիվանդանոցի կողմից տրամադրված ծածկագիրը, որի միջոցով էլ մենք, տեղեկանալով հիվանդանոցում գրանցված ծննդի մասին, հենց տեղում տալիս ենք ծննդյան վկայականը:  Այս կերպ մենք նաև խուսափում ենք տառասխալներից, սխալ ինֆորմացիայից, ուղղագրական սխալներից, քանի որ մենք բոլոր տվյալները ստանում ենք անձնագրային ծառայությունից: Ամուսնության գրանցման վկայականը բավարար է, որպեսզի հայրը միայնակ ներկայանա Պալատ և գրանցի երեխայի ծնունդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]