Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ երգիչները միջազգային մրցույթում զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը

Հայ երգիչները միջազգային մրցույթում զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային 
տեղերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդղուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում,որը տեղի է ունեցել Թբիլիսիում, Հայաստանի մասնակիցները զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը` ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: Չորս տարիքային խմբերում Հայաստանը ներկայացրած 5 մենակատար շահել են հետևյալ մրցանակները. Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն իր տարիքային խմբում նվաճել է Առաջին մրցանակ, Հովհաննես Անդրեասյանն իր տարիքային խմբում ստացել է Առաջին մրցանակ, Հովհաննես Կարապետյանը` Երկրորդ մրցանակ, Արուսյակ Դավթյանը՝ նույնպես Երկրորդ մրցանակ:

Հեղինակավոր այս մրցույթում իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 80 մենակատար Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից: Ն. Անդղուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Տենոր ասոցիացիայի» նախագահ Կարեն Զոհրաբյանը, հանձնաժողովի անդամներ էին նաև առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից, Լիտվայից:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Տենոր ասոցիացիայի» նախագահ Կարեն Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանից մրցույթին մասնակցել ցանկացողները շատ են եղել, բայց ընտրվել են 5-ը:

«Հայ մասնակիցները փայլեցին: Ամենալավ տեղերը զբաղեցրեցին: Տպավորությունները շատ դրական են: Թե ժյուրին, թե հանդիսատեսը տպավորված էին, ինչը շատ է ուրախացնում»,-ասաց Կարեն Զոհրաբյանը:

Գրան պրիին արժանացած Մարիամ Ալոյանը նշեց, որ այս մրցույթին առաջին անգամ է մասնակցում: Նախապատրաստվել է իր դասախոսի՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Քրիստինա Սահակյանի հետ:

«Ճիշտն ասած սպասելի չէր, որ կարժանանամ Գրան պրիի, շատ ուժեղ մասնակիցներ էին, հրաշալի ձայներ կային, բայց մենք էլ փայլեցինք մեր դպրոցով: Մասնակիցները իմացան, որ Հայաստանում կա բարձր մակարդակի վոկալ դպրոց»,-ասաց Մարիամ Ալոյանը:

Հովհաննես Անդրեասյանի խոսքով, սա իր առաջին մասնակցությունն էր միջազգային մրցույթին, որը հաջողությամբ պսակվեց:

«Այն, որ մրցույթը կրում է Նոդար Անդղուլաձեի անունը, արդեն մասնակիցների համար պատասխանատվություն է ենթադրում: Իհարկե, սպասելիքներով էինք գնացել, մրցանակային տեղեր զբաղեցնելու մեծ ձգտում կար:  Հավատով, վստահ քայլերով 5 մասնակիցներս էլ լավ ներկայացրեցինք մեր դասական արվեստը: Ի շնորհիվ մեր աշխատասիրության, մեր դասախոսների՝ կարողացանք այսպիսի հաջողությունների հասնել»,-ասաց նա:

Սկզբում մրցույթին փոքր-ինչ թերահավատորեն մոտեցած Արուսյակ Դավթյանը ամենևին չընկճվեց այնտեղ ուժեղ մասնակիցների տեսնելով: Ինչպես ինքն է բնութագրում, կարողացան փայլել բեմում:

«Բավական պատասխանատու էր, լուրջ մրցույթ էր, մասնակիցները բավական ուժեղ էին, բայց մենք փայլեցինք մեր ձայնով և վերադարձանք մրցանակներով: 22-25 տարեկան մրցակիցների մեջ ես միակ սոպրանոն էի, որ արժանացա մրցանակի, չնայած ծրագիրս բարդ էր, հուզվում էի»,-հավելեց Արուսյակ Դավթյանը:

Արտյոմ Ասմանգուլյանը, ով Հայաստանի թիմի ամենակրտսեր մասնակիցն է, նախապատրաստվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի մոտ:

«Մենք շատ լուրջ նախապատրաստվել ենք, մասնակիցներն իսկապես հզոր ձայն ունեին: Ակնհայտ ուժեղ մրցակցություն էր: Շատ ուրախ եմ, որ այսպիսի հաջողություններ գրանցեցինք»,-ասաց Արտյոմ Ասմանգուլյանը:

Հովհաննես Կարապետյանը շատ գոհ է արդյունքներից և լավ տպավորություններով է վերադարձել:

«Նախապատրաստական աշխատանքն այնպիսին էր, որ միանշանակ բարձր արդյունքներ էինք ակնկալոմ: Այդ ձգտումն ու հավատը կար: Ժյուրիի գնահատականից բացի, կարևոր էր նաև հանդիսատեսի համակրանքը: Արդյունքից շատ գոհ եմ: Հայաստանը ամուր թիմով էր գնացել` զբաղեցնելով գրեթե բոլոր մրցանակային տեղերը»,-ասաց Հովհաննես Կարապետյանը:

 Հայաստանի մասնակիցներն իրենց կատարմամբ հիացրել են ժյուրիի անդամներին, Վրաստանից, Իտալիայից պրոֆեսորները Հայաստանի մասնակցիներին առաջարկել ուսումը շարունակել իրենց մոտ: Իրենց բնորոշմամբ, ժյուրիի անդամները լավ իմաստով «հետապնդում էին» մեր մասնակցիներին, որ ընդունեն իրենց մոտ սովորելու առաջարկը: Մասնակիցները նշեցին, որ իրենց յուրաքանչյուր ելույթ երաժշտասերներն ուղեկցում էին «բրավո» բացականչություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]