Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ինչու չհաղթել նորից կամ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ

Ինչու չհաղթել նորից կամ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է պայքարը դեպի Մունդիալ-2018 և այս ճանապարհին հավաքականի հաջորդ «կանգառը» կլինի մարտի 26-ին, որտեղ Արթուր Պետրոսյանի տղաները կմրցեն Ղազախստանի թիմի հետ:

Բոլորիս հիշողություններում դեռևս թարմ է Չեռնոգորիայի դեմ խաղը: Երբ ընտրանին պարտվում էր 0:2 հաշվով, բայց արեց գուցե շատերիս համար անհավատալի թվացող մի բան` հաղթեց 3:2 հաշվով: Երբ խաղի 90+3 րոպեին, բառացիորեն վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանը հեռահար, դիպուկ հարվածով առաջ մղեց հավաքականը` ստիպելով ափսոսանք ապրել այն երկրպագուներին, ովքեր ժամանակից շուտ լքել էին մարզադաշտը: Այդ խաղից հետո ֆուտբոլիստները և մարզիչը, ով առաջին հանդիպումն անցկացրեց հավաքականի ղեկին, շեշտեցին մի բան՝ «հանդերձարանում ընդմիջման ժամանակ ամեն ինչ հանգիստ էր, ոչ մեկ չէր բղավում»:

Ինչ ունի հավաքականն իր զամբյուղում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլում E խմբում է: Նախորդ 4 խաղերից 3-ում թիմը պարտվել է: Ընտրանին նախ 1:0 հաշվով պարտվեց Դանիային, այնուհետև խոշոր՝ 0:5 հաշվով զիջեց Ռումինիային և Լեհաստանին՝ 2:1: Մեր ենթախմբում այժմ Հայաստանի հավաքականը նախավերջին տեղում է, ունի 3 միավոր և մեկ միավորով է առաջ ղազախներից: Ենթախմբի առաջատարը Լեհաստանի թիմն է` 10 միավոր: Երկրորդ տեղում Չեռնոգորիան է, որն ունի 7 միավոր: 6 միավոր ունի Դանիան, իսկ Ռումինիան` 5:

Մեր մրցակիցների մասին

Ղազախստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության ընտրական այս փուլում ոչ մի հաղթանակ չի տոնել: Նախ մեր մրցակիցները ոչ-ոքի խաղացին Լեհաստանի և Ռումինիայի հետ, այնուհետև պարտվեցին Չեռնոգորիային (5:0) և Դանիային (4:1): Ընդհանուր հաշվարկով՝ ղազախները 11 գնդակ են բաց թողել: Ղազախստանի հավաքականի անդամների գերակշռող մեծամասնությունը խաղում է հենց ղազախական առաջնությունում:

Թիմերի նախորդ հանդիպումները

Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները ընդհանուր առմամբ հանդիպել են 5 անգամ: Թիմերի առաջին հանդիպումը հեռավոր 2004 թվականին էր: Կիպրոսում կայացած ընկերական խաղում գրանցվեց ոչ-ոքի` 3:3: Այնուհետև «Եվրո-2008» ընտրական փուլի շրջանակներում 2007 թվականին Ալմաթիում կայացած հանդիպման ժամանակ հաղթել է Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով: Արդեն Երևանում կայացած պատասխան խաղում նվազագույն առավելությամբ հաղթել է Ղազախստանի թիմը: 2008 թվականին կայացած ընկերական խաղում Էդգար Մանուչարյանի խփած միակ գոլի շնորհիվ Հայաստանի թիմը հաղթել է: Իսկ ահա վերջին հանդիպումը կայացել է 2012 թվականին: Ընկերական այդ խաղում Գևորգ Ղազարյանի դուբլի և Յուրա Մովսիսյանի գոլերի շնորհիվ Հայաստանի ընտրանին հաղթել է 3:0 հաշվով:

Ինչու չհաղթել…

Եվ ինչու նորից չհավատալ, ինչպես հաղթանակին հավատացինք, երբ մոտ էր 0:2 հաշվով պարտությունը, ինչու նորից անհնարինը հնարավոր չդարձնել: Հայաստանի հավաքականը կարող է հաղթել ցանկացած մրցակցի, ամեն ինչ տղաների հավատից, նվիրումից է կախված: Ինչու նորից չստիպել հայ երկրպագուին ոտքի կանգնել, բղավել և գրկել կողքին կանգնածին:

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]