Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը ծանոթացել է համակցված կերերի արտադրության և գինեգործական ընկերությունների զարգացման ծրագրերին


ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 25-ին այցելել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի արտադրական ձեռնարկություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

կառավարության ղեկավարը նախ եղել է Եղվարդի համակցված կերերի արտադրության գործարանում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Գործարանն արտադրում է 35-40 տեսակի գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև թռչունների և ձկան համակցված կերեր՝ հումքը ներկրելով արտերկրից: 2010 թվականից գործող ձեռնարկությունը համալրված է ժամանակակից սարքավորումներով, արտադրանքն իրացնում է հանրապետության տարածքում: Այժմ աշխատանքներ են տարվում ձկան համար նախատեսված համակցված կերն արտահանելու ուղղությամբ: Գործարանում աշխատում է 80 մարդ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է  մեր երկրում նման արտադրության կազմակերպումը և նշել, որ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ կառավարության քայլերը կարող են նպաստել նաև այս ձեռնարկության գործունեության ընդլայնմանը:

Այնուհետև գործադիրի ղեկավարն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» ընկերություն, որի արտադրանքն արտահանվում է ավելի քան 14 պետություն՝  Ռուսաստան, Բելառուս, Բուլղարիա, մերձբալթյան երկրներ, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Իսրայել, Չինաստան, Ճապոնիա: Ընկերության ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ընթացիկ տարում նախատեսում են ընդլայնել արտահանման աշխարհագրությունը, մասնավորապես, հայկական գինին կներկայացվի Շվեդիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Ղազախստանում: 2017-ին ընկերությունն արձանագրում է արտահանման ծավալների շեշտակի ավելացում: 2016-ի հունվար-մայիս ամիսների համեմատ 2017-ի նույն ժամանակահատվածում կանխատեսվում է գրանցել արտահանման ծավալների 133 տոկոս աճ: Արդյունքում, ընկերությունը նախատեսում է աճ նաև խաղողի մթերման ծավալներում: Ընթացիկ տարում ընկերությունը ներդրումային լուրջ ծրագրեր կիրականացնի երկու կարևոր ոլորտներում: Ապրիլից գործարանի հարակից հողատարածքում կտնկվեն ժամանակակից խաղողագործական համակարգերով հագեցած օրինակելի այգիներ՝ ի համալրումն Արմավիրում գտնվող այգիների: Ծրագրի նպատակով կծախսվի 140 մլն դրամ: Իսկ գինու զբոսաշրջության զարգացման ծրագրով նախատեսվում է ներդնել 130 մլն դրամ: Գործարանի արտադրական հզորությունը կազմում է տարեկան 4 մլն շիշ գինի, 1 մլն շիշ շամպայն, 3 մլն շիշ կոնյակ: Ընկերությունում աշխատում է 200 մարդ: 

Կարեն Կարապետյանը կարևորել է «Արմենիա վայն»-ի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը, արտահանման ծավալների աճը և հավելել, որ կառավարությունը շարունակելու է բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ հետևողական միջոցառումները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]