Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թատրոնն աշխարհի փոքր մոդելն է. նշվում է թատրոնի միջազգային օրը

Թատրոնն աշխարհի փոքր մոդելն է. նշվում է թատրոնի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում մարտի 27-ին նշվում է թատրոնի միջազգային օրը: Առաջին անգամ այն տոնվել է Ֆրանսիայում, այնուհետև տարածվել աշխարհով մեկ: Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց թատերական ոլորտի ներկայացուցիչների հետ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով` թատրոնն աշխարհի փոքր մոդելն է, որը գեղարվեստական միջոցներով ներկայացնում է իրականությունը: «Թատրոն գալով` հանդիսատեսն ազատվում է իրեն շրջապատող քաոսից: Ցավոք սրտի, մեր օրերում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում թատերական ժամանակներ չեն,  քանի որ ժամանակը շատ արագ է սլանում, իսկ դրամատուրգները չեն հասցնում դրան համընթաց քայլել»,-ասաց գեղարվեստական ղեկավարը: Էլբակյանի կարծիքով` թատրոնում ամենակարևոր դեմքը բանաստեղծն է, պոետը, հեղինակը: «Թատրոնի վիճակը կբարելավի այն ժամանակ, երբ պիեսներում արտահայտվի ժամանակի զարկերակը»,-ընդգծեց նա:

«Թատրոնն ապրելակերպ է. այն իմ կյանքն է իր բոլոր դրսևորումներով: Թատրոնն իմն է, ես` թատրոնինը»,-նշեց դերասան Տիգրան Ներսիսյանը: Նա ընդգծեց, որ վերջին տարիներին թատերական բնագավառում դրական աճ է նկատում, սակայն անելիքները նույնպես շատ են: «Թատերական արվեստի  բարելավումն ու զարգացումը կապված է մեր երկրի, հասարակության  վիճակի հետ և եթե լուծվեն հասարակական խնդիրները, թատրոնն էլ ավելի կզարգանա»,-ասաց դերասանը:

Թատրոնի ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի խոսքով` թատրոնն իր կյանքն է,  երջանկությունը, հաճույքը, այն բնագավառը, որի համար ծնվել է: «Ամեն օր աշխատանքի գնալիս ես երջանիկ եմ և առանց թատրոնի չեմ պատկերացնում ինձ: Ըստ իս` թատրոնը երևույթ է, որը ժողովրդին դարձնում է վեհ, նպատակասլաց, հետաքրքիր»,-շեշտեց Գասպարյանը:

Թատրոնի համաշխարհային օրը (World Theatre Day) տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ: Այդ օրվա կապակցությամբ առաջին ուղերձը գրել է ֆրանսիացի գրող և նկարիչ Ժան Կոկտոն (Jean Cocteau, 1889-1963թթ.) 1962 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am