Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս պահին Բեքչյանի սպասումները չեն կարող արդարանալ. Աթեշյանի հայտարարությունը

Այս պահին Բեքչյանի սպասումները չեն կարող արդարանալ. Աթեշյանի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով հակառակ հնչեցվող կոչերի՝ հրաժարվում է լքել Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնը, հայտարարություն է տարածել` կապված պատրիարքական ընտրությունների առնչությամբ առաջացած տարաձայնությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը, իր հայտարարության մեջ Աթեշյանը հայտարարել է, որ թշնամանք չի տածում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ, սակայն նրա ակնկալիքները տվյալ պայմաններում չեն կարող արդարանալ: Բացի այդ, պատրիարքարանը հրապարակել է հանդիպման խնդրանքով նահանգապետարան ուղարկած դիմումի պատճենը:

Ներկայացնում ենք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հայտարարությունն ամբողջությամբ:

«Մեր համայնքի սիրեցյալ զավակներ,

Մեր հավաքական կյանքի ներսում վերստին դիմագրավում ենք դժվարությունների: Պատրիարքական ընտրության գործընթացի ալեկոծումների վրա վերջին օրերին նոր շերտեր ավելացան Հոգևորականների համագումարի կողմից տեղապահի ընտրության փուլում: Մեր համայնքը փակուղում է, և այդ տագնապի հաղթահարումը կախված է մեր բոլորի միասնական ջանքերից:

Շուրջ ինը տարի առաջ Ն.Ա.Տ. Մեսրոպ Բ պատրիարքի անողոք հիվանդության հետևանքով մեր ազգային-եկեղեցական կյանքում միջանկյալ շրջան սկսվեց: Սա այնպիսի անցումային շրջան դարձավ, որը եկավ պարտադրելու իր իսկ ուրույն հավասարակշռությունները: Անցումային շրջանն ալեկոծումներից զերծ պահելու համար անհրաժեշտ էր գտնել հավասարակշռություն, որը կհամընկներ մեր պատրիարքության ավանդույթներին ու նախընթացներին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգ ու կանոններին ու միևնույն ժամանակ մեր պետության սպասումներին: Անտարակույս, կենսական նշանակություն ուներ մեր համայնքի անդամների հասունությունը: Այս կացության բարդություններն ու անցումային շրջանի նոր հավասարակշռությունները ձևավորվելու ռիսկերը միշտ նկատի են առնվել մեր կողմից: 2010 թվականին կոչվեցինք պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնին: Այդ թվականից ի վեր, առանց որևէ գնահատանք ակնկալելու, առավելագույն ջանք գործադրեցինք և այդ նուրբ հավասարակշռությունները պահպանելու համար հանձն առանք ամեն տեսակ զոհողություն` ի շահ մեր Եկեղեցու ու համայնքի:

Միջանկյալ այս շրջանն ավարտին հասցնելու նպատակով կատարված բոլոր նախաձեռնություններին ու որոնումներին թեև ընծայեցինք կարևորություն, սակայն երբեք չհեռացանք վերապահությունից: Նույնիսկ պիտակավորվելով որպես «ընտրությունից խուսափող անձ»` երկար տարիներ հանդուրժեցինք և մեր պատրիարքության համար աշխատեցինք ընդհանուր փոխանորդի կարգավիճակով: Այդ պաշտոնի պատասխանատվությամբ անտեսեցինք մաշեցման այն բոլոր փորձերը, որոնք կատարվեցին մեր դեմ: Երկարաժամկետ անձնական հաշվարկներից հեռու լինելով` տվյալ պայմաններում միշտ գերադասեցինք մեր պատրիարքությունը: Այս ամենով ձեզ հետ կիսվում ենք ներկա պահի դժվարության բերումով: Բացարձակապես մեր նպատակը չէ ինքնարդարացումը կամ հին վերքերը քերելը: Գիտակցում ենք, որ ներկա մթնոլորտում մեր վրա շատ ակնկալիքներ կան:

Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի դեմ բացարձակապես թշնամաբար չենք տրամադրված ու նրա հանդեպ հարգանք ենք տածում: Մեր անկեղծ ցանկությունն է, որ բոլորն իմանան, որ նոր խնդիրներ հարուցելու նպատակ չունենք: Ցանկանում ենք, որ ժամ առաջ իր ավարտին հասնի այս գործընթացը, որը հյուծել է մեզ: Բամբասանքների առարկա դարձած «Հովակիմ 1461» հիմնադրամից հրաժարվել ենք: Երկրորդական նյութերը թողնում ենք մեր օրակարգից դուրս: Առկա փակուղին հաղթահարելու համար կրկին պետք է զորակցության ու միասնականության մեջ լինենք, սառնարյունությամբ պետք է համբերություն ցուցաբերենք: Տագնապալի այս շրջանն ավարտին հասցնելու համար տոկունություն պետք է ցուցաբերենք, մինչև կձևավորվեն այն նոր պայմանները, որտեղ հակասության մեջ չեն լինի մեր պատրիարքության ավանդույթներն ու նախընթացները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգն ու կանոնները և միևնույն ժամանակ մեր պետության ակնկալիքները:

Այս պահին մեր հիմնական նպատակն է կանխել մեր Պատրիարքարանի ու մեր պետության միջև հնարավոր հակասություն ծագելը: Ներկայում, երբ մեր հավաքական կյանքի ներսում ընդհանուր սպասումի մթնոլորտ է, մեր բոլորիս պատասխանատվությունն է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել առկա խնդիրները: Նախանձախնդրություն ցուցաբերենք, որ լուծման որոնումները մեր համայնքի ու մեր հաստատությունների շրջանակից դուրս չգան: Միասնական ջանքեր գործադրենք ներկա ալեկոծումները հաղթահարելու համար:

Այս պահի դրությամբ անկարելի է թվում Գերաշնորհ Տ. Գարեգին Սրբազան արքեպիսկոպոս Բեքչյանի կողմից մեզ հասցեագրված սպասումների արդարանալը: Ցավով ենք ցանկանում արձանագրել, որ նույն շրջանակում պետք է արժևորվեն նրա կողմից Քյոլնից կատարած նախաձեռնությունները:

Հուսով ենք, որ այս դժվարին շրջանում մեր համայնքի զավակներն առկա խնդիրների լուծման ճանապարհին չպետք է զլանան իրենց աղոթքն ու զորակցությունը հայտնել մեզ: Ձեզ բոլորիդ փոխանցում ենք մեր օրհնությունը:

Բարձրյալ Աստված թող իր անսահման ողորմությամբ լուսավորի մեր ճանապարհը»:

Ի դեպ, Բեքչյանն արդեն հայտնել է, որ, հավանաբար, Ստամբուլ կվերադառնա մարտի 31-ին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալուց հետո հաստատվել պատրիարքարանում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]