1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կենսաբազմազանության վնասները կհասցվեն մինիումի

  Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կենսաբազմազանության վնասները կհասցվեն 
մինիումի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ամուլսար լեռան մերձակայքում ոսկու հանքի շահագործման կենսաբազմազանության կառավարման համապարփակ ծրագիր է մշակվել։ 

Այն հնարավոր է եղել իրագործել հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ու փորձագետների ավելի քան 7 տարվա ուսումնասիրությունների և մանրամասն հետազոտությունների արդյունքում։ 
«Արմենպրես»-ի հետ զրույցում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանն ասաց, որ ծրագրի նպատակն է հանքի գործունեության ընթացքում այնպես անել, որպեսզի էական կորուստներ չլինեն։ «Այսինքն՝ ամբողջ գործունեությունը պետք է կառավարվի այնպես, որ ընդհանուր առմամբ տվյալ տարածքում կամ տարածքից դուրս կորուստները հասցվեն զրոյի: Մենք ստուգել ենք՝ արդյոք կան բնադրվող թռչուններ և նրանք վտանգված են, թե՞ ոչ: Անգամ փորձում ենք լուծումներ գտնել։ Կան նաև կառավարման վերաբերյալ խնդիրներ, օրինակ՝ աշխատանքի ժամերը հարմարեցնել, որպեսզի շրջակայքում ապրող մարդկանց չխանգարի աղմուկը»,- ընդգծեց Արմեն Ստեփանյանը՝ հավելելով, որ կախված բուսատեսակից, կենդանատեսակից, թռչնատեսակից կառավարման մոդելը կարող է փոխվել։ Ելնելով այդ ամենից՝ հնարավոր է կապալառուին ասել, որ աշխատանքի ընթացքում բարձր չխոսեն, չպայթեցնեն այն ժամին, երբ կխանգարեն բնակիչներին և որ աշխատանքների ընթացքում կորուստները հասցվեն զրոյի. կենսաբազմազանության կառավարման պլանում ներառված են բոլոր կետերը։  
Իրականացվում են վերականգնողական և զգալի մնացորդային բացասական ազդեցությունների փոխհատուցման ծրագրեր: Այս նպատակով շահագործողը պարտավորվել է իրականացնել կենսաբազմազանության փոխհատուցում: 
«Մենք ունենք հատուկ գործողությունների պլան, որը բաղկացած է երկու մասից և վերաբերում է գորշ արջին ու «մատնունի ծիրանավոր» (Potentilla porphyrantha) բուսատեսակին: Առանձնացրել ենք թե՛ արջի բնակվելու հատվածը, թե՛ մատնունի ծիրանավորի աճելավայրը: Դա մի միջոցառում է, որը հիմնավորված է փաստաթղթերով և այդ տարածքներում ոչ մի գործունեություն չեն ծավալում և այն իրենց հսկողության տակ է»,- ընդգծեց ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջերը։ 
Հայաստանյան Կարմիր գրքում ներառված տեսակների դեպքում իրականացվում են լրացուցիչ միջոցառումներ։ 
Հետազոտական ծրագիր է իրականացվել «մատնունի ծիրանավոր» բուսատեսակը Ամուլսարից տեղափոխելու, պահպանելու և հանքարդյունաբերության ավարտից հետո բնական կենսամիջավայր վերադարձնելու ուղղությամբ: Միայն այդ բուսատեսակի պահպանման համար «Լիդիան Արմենիա»-ն հատկացրել է շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար: «Տեղափոխման աշխատանքները միտված են նվազեցնելու Ամուլսարի հանքավայրի հնարավոր ազդեցությունները բուսատեսակի վրա: Հայտնաբերել ենք «մատնունի ծիրանավորի» 7500 առանձնյակ, որից 1600-ը տեղափոխվել է։ Այսինքն՝ 75 տոկոսը մնացել է իր տեղում և դրանք համարվում են կենսունակ պոպուլյացիա։ Ամեն ինչ արվել է, որպեսզի ինչ էլ լինի, այդ ծաղկի տեսակը մնա և աճի Ամուլսարում»,- ասաց Ստեփանյանը և հավելեց, որ, օրինակ, արջի դեպքում որքան էլ փորձ արվի, հնարավոր չի տեղափոխել։ 

Ինչ վերաբերում է բնապահպանների այն մտահոգությանը, թե Ամուլսար լեռան վրա ապրում է «Կարմիր գրքում» գրանցված 150 կենդանատեսակ, շահագործող ընկերության պատասխանատուները վստահեցնում են, որ այդ տարածքում այդքան կենդանատեսակ չկա։  

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]