Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է դրամաշնորհի համաձայնագիր

Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է դրամաշնորհի 
համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 30-ին տեղի է ունեցել  Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագրի ստորագրումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական վարչությունից, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ճապոնական կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, Հայաստանի հանրային հեռուսատառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Ի շարունակություն կնքված համաձայնագրի՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, JICA-ի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ստորագրել են դրամաշնորհային փաստաթուղթը, որով կկանոնակարգվի համապատասխան ապրանքների և/կամ ծառայությունների տրամադրումը:

Ստորագրման արարողությանը հետևած իր խոսքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ընդգծելով այսօր ստորագրված համաձայնագրի կարևորությունը, նշել է, որ այն ևս ﬔկ քայլ է երկու երկրների համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն ընդգծել է, որ 2001 թվականին Մատենադարանի փաստաթղթերի պահպանման ուղղությամբ ցուցաբերված աջակցությունից հետո սա նմանատիպ երկրորդ համագործակցությունն է երկու կառավարությունների միջև։ Դեսպանի խոսքով՝ արխիվը ոչ միայն պահպանում է ազգային ժառանգությունը, այլ ոգեշնչում երիտասարդ սերնդին՝ նոր ստեղծագործություններ կերտել ապագայի համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]