Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպորտային դաստիարակությունը մեզ կուռ կոլեկտիվ է դարձնում. Աշխարհի գավաթակիր Արթուր Թովմասյան

Սպորտային դաստիարակությունը մեզ կուռ կոլեկտիվ է դարձնում. Աշխարհի 
գավաթակիր Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը անցած մի քանի տարիների ընթացքում ահռելի մեծ առաջխաղացում ունեցավ: Աշխարհի առաջնության մրցանակակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն և փոխչեմպիոններ, աշխարհի գավաթի խաղարկության հաղթողներ և մրցանակակիրներ. և այս ամենը ոչ բարվոք պայմաններում մարզվելու արդյունքում: Հավաքականի վերջին հաջողությունը Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Թովմասյանի (օղակներ) նվաճած ոսկե մեդալն է: Արթուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է սկսել մարմնամարզությամբ զբաղվել, որն է հավաքական թիմի միասնական լինելու գաղտնիքը և հորդորեց երիտասարդներին երբեք չհանձնվել նպատակին հասնելու ճանապարհին:

-Արթուր, կպատմե՞ք, թե երբ եք սկսել մարմնամարզությամբ զբաղվել, ո՞ր տարիքից:

 -Մարմնամարզությամբ սկսել եմ զբաղվել 6 տարեկանից: Սկզբում հայրս մեծ ցանկություն ուներ, որ ես բռնցքամարտով զբաղվեմ, քանի որ ինքն էլ բռնցքամարտիկ էր: Սակայն ընտանիքը «բաժանվեց» երկու մասի. մայրս չէր ուզում, որ բռնցքամարտով զբաղվեմ: Խորհուրդ տվեցին մարմնամարզությամբ: Ինչպես ցանկացած երեխա, ով տեսնում է բատուտը և սկսում է ցատկոտել, ես սկսեցի զբաղվել մարմնամարզությամբ:

-Մարմնամարզության հավաքականի վերջին մեծ նվաճումը Ձեր ոսկե մեդալն էր աշխարհի գավաթի խաղարկությունում: Ի՞նչ էր այն Ձեզ համար:

-Աշխարհի գավաթի խաղարկությունն ինձ համար շատ կարևոր էր: Մոտ մեկ տարի դադար ունեցա` ծնկի լուրջ վնասվածք ունեի և վիրահատվեցի: Հիմա կարողանում եմ մարզվել: Գավաթի խաղարկությունն ինձ պետք էր, որ նորից վստահություն ձեռք բերեի: Բացի այդ, այն բավականին լուրջ մրցաշար է:

-Արթուր, ինձ մի փաստ հետաքրքրեց, դուք նույն վարժությունը Հայաստանի առաջնության ժամանակ արեցիք ոչ այդքան լավ, իսկ գավաթի խաղարկությունում, որն անհամեմատ ավելի պատասխանատու մրցաշար է, գերազանց հանդես եկաք: Ինչո՞ւ:

-Նկատե՞լ եք: Չգիտեմ՝ ինչից, բայց կարծես ավանդություն է դարձել ինձ մոտ: Միտումնավոր չեմ անում: Պարզապես կարողանում եմ առավել լավ տրամադրվել միջազգային ասպարեզներում, քան մեզ մոտ: Թեպետ պակաս լրջությամբ չեմ մոտենում Հայաստանի առաջնությանը: Փորձը ցույց է տալիս, որ առավել լավ հանդես եմ եկել միջազգային մրցաշարերում:

-Հայաստանում այն բացառիկ հավաքականների մեկը, որը շատ միասնական է, հենց մարմնամարզության տղամարդկանց թիմն է: Ինչի՞ց է:

-Կարծում եմ մեր սպորտային դաստիարակությունն է, որ մեզ կուռ կոլեկտիվ է դարձնում: Մեր մարզիչները մեզ կրթում ու դաստիարակում են այլ ոգով. նրանք շատ լավ հիմք են դրել` կարողանում ենք ուրախանալ ուրիշի հաջողությամբ և տխրում ենք մեր ընկերների անհաջողությամբ: Մենք դարձել ենք ընտանիք: Ես առավել ուրախ եմ Հարությունի, Արթուրի, Վահագի արձագանքից:

-Ի տարբերություն մի քանի այլ հենակետային մարզաձևերի, մարմնամարզության դահլիճները բարվոք վիճակում չեն, չկա պայման: Ի՞նչն է ձեզ պահում դահլիճում:

-Մինչև միջազգային մրցաշարերի մասնակցելը և միջազգային դահլիճները տեսնելը, մենք տարիներ շարունակ մարզվում էինք մեր ունեցած դահլիճներում: Իհարկե, լավ կլիներ, որ մեր պայմանները լավանային, բայց եթե պատճառաբանես, թե չես կարող մարզվել, ապա չես ունենա այն արդյունքները, որոնք հիմա ունենք: Մարզիչներն էլ, մարզիկներն էլ լավ գիտակցում են՝ սա է մեր ունեցածը և պետք է նվիրվենք ամբողջությամբ:

-Ի՞նչ է տալիս մարմնամարզությունը մարզիկին և ի՞նչ վերցնում նրանից:

-Եթե անկեղծ, ապա լուրջ չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց մշակույթի իր տեսակն է տալիս, դաստիարակության ձև է, միաբանություն և մտերմություն է տալիս: Օրինակ` ըմբշամարտում 20-30 մարզիկով են գնում հավաքների, իսկ մենք մի քանի հոգով ենք: Մենք քիչ ենք, և մենք ավելի կապված ենք: Չգիտեմ, թե ինչ կտա հետո, բայց հիմա ընտանիք է տվել:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Ապրիլի 14-ին 6 մարզիկներով և մարզչի` Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեկնում ենք Ռումինիա` Եվրոպայի առաջնությանը: Մենք միշտ զերծ ենք մնում կանխատեսումներից: Տեսնենք ինչ կլինի:

-Արթուր, թույլ տվեք փոխել հարցերի տեսակը` անցնենք բլից հարցերի: Ունե՞ս սիրելի գիրք:

-Աստվածաշունչը:

-Սիրելի ֆիլմ:

-Շատ են, բայց նախընտրում եմ պատմական և պատերազմական ֆիլմեր:

-Սիրելի երգ:

-Շատ են:

-Ի՞նչ ես լսում մեքենայի մեջ:

-Բացարձակ այլ բան եմ լսում մեքենայի մեջ, հեռախոսիս մեջ այլ է, տանն` այլ:

-Սիրելի կատարող:

-Չունեմ:

-Ֆուտբոլ, թե շախմատ:

-Ֆուտբոլ:

-Սուրճ, թե թեյ:

-Թեյ:

-Օղակներ, թե հենացատկ:

-Հանուն Արթուր Դավթյանի` հենացատկ (Արթուր Դավթյանը մարմնամարզության հավաքականի անդամ է, Արթուր Թովմասյանի ընկերը-հեղ.):

-Եվ վերջում, թեպետ դուք էլ բավականին երիտասարդ եք, բայց ի՞նչ խորհուրդ կտաք այն մարզիկներին, ովքեր նոր են սկսում մարզվել:

-Թող չհանձնվեն, երբեք չհանձնվեն: Գուցե ամբողջ կյանքում հաղթանակի չհասնես, բայց եթե չես հանձնվում արդեն հաղթող ես:

-Շնորհակալություն:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]