Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում. Հովհաննես Գաբուզյան

Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում. 
Հովհաննես Գաբուզյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն այս տարի բավականին լարված ընթացք ունեցավ: Ինը տուրերից հետո Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց և հավաքականի կազմը համալրեց Հովհաննես Գաբուզյանը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց առաջնության, իր հետաքրքրությունների և առաջիկա պլանների մասին:

-Հովհաննես, կպատմեք, ինչպե՞ս սկսեցիք շախմատ խաղալ:

-Շախմատ խաղալ սկսել եմ 4-5 տարեկանից: Ինձ խաղալ սովորեցրել է պապիկս: Նրա հետ սիրողական էի խաղում: Բայց երբ ընտանիքիս անդամները նկատեցին, որ ստացվում է, սկսեցի շախմատի դպրոց հաճախել: Հայրս էլ շախմատ խաղալ գիտի, սակայն նրա հետ այդպես չեմ խաղում:

-Շախմատի Հայաստանի այս առաջնությունը շատ լարված ստացվեց ձեզ համար: Ի՞նչ կասեք առաջնության մասին:

-Մրցակիցներս ստանդարտ մրցակիցներ են: Ամեն տարի միասին խաղում ենք: Բոլորն էլ լավ էին պատրաստված: Մոտ երեք ամիս նախապատրաստվել էի Հայաստանի այս առաջնությանը և մեծ ակնկալիքներ ունեի: Սակայն մրցաշարի մեծ մասը վերջին տեղում էի: Մի պահ հույսս կորցրել էի, փորձեցի գոնե վարկանիշս չգցել: Ամեն ինչ սկսվեց հաջող ընթանալ, երբ լարվածությունն անցավ: Հաջորդաբար երեք կարևոր պարտիաներում հաղթեցի, որն էլ օգնեց ինձ:

-Մի փաստ, որը, երբեմն, վառ արտահայտվում է շախմատիստների մոտ. նրանք սնահավատ են: Դուք նույնպե՞ս:

-Ոչ, սնահավատ չեմ:

-Ձեզ համար ի՞նչ է Հայաստանի շախմատի չեմպիոն լինելը:

-Նախ և առաջ մեծ պատասխանատվություն է: Դու գործում ես ոչ միայն քո անվան համար, այլ երկրի: Պատասխանատվություն ես կրում ամբողջ թիմի առաջ, արդյունքներիդ համար:

-Ինչպիսի՞ խաղի կողմնակից եք` պաշտպանողական թե կառուցողական:

-Բարդ հարց է իրականում: Խաղի ընթացքում չեմ սիրում պասիվ դիրքում լինել: Եվ եթե պաշտպանական դիրք եմ ստանում, ապա փորձում եմ ակտիվ պաշտպանության անցնել, միայն հակահարվածներով չսահմանափակվել:

-Ի՞նչ է սովորեցնում շախմատը:

-Կյանքի տարբեր փուլերում սովորեցնում է մի քանի քայլ առաջ մտածել: Ինքնըստինքյան սովորում ես քայլերից առաջ հաշվարկել՝ ինչ կլինի հետո:

-Ինչի՞ց է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում:

-Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում: Կարծում եմ՝ ամեն ազգ իր գենետիկ ուղղվածություններն ունի` աֆրիկյան երկրներում լավ վազում են:

-Հովհաննես, ինչո՞վ եք զբաղվում շախմատից դուրս:

-Տարբեր նախասիրություններ ունեմ: Հիմա հիմնականում սպորտով եմ զբաղվում: Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ շատ ժամանակ եմ անցկացնում: Բնականաբար, պետք է մարզվել, բայց հանգստի մասին չպետք է մոռանալ:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Պետք է մասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը, Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեմ Ջերմուկում, ինչպես նաև՝ Մարտունիում անցկացվող ավանդական մրցաշարին:

-Փոխելով մեր հարցրերի ուղղվածությունը, թույլ տվեք մի քանի բլից հարցեր տալ: Ունե՞ք սիրելի գիրք:

-Ալեքսանդր Դյումա «Երեք հրացանակիրները»:

-Սիրելի ֆիլմ:

-Էքշըն ֆիլմեր եմ սիրում կամ կատակերգություն:

-Սիրելի երգ կամ կատարող:

-Գրիգորի Լեպս եմ շատ լսում:

-Մագնուս Կարլսեն, թե Բոբի Ֆիշեր:

-Մագնուս Կարլսեն:

-Թագուհի, թե ձի:

-Թագուհի:

-Ֆուտբոլ, թե թենիս:

-Թենիս:

-Սուրճ, թե թեյ:

-Սուրճ

-Շնորհակալություն զրույցի համար:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]