Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սուրեն Քրմոյանը կոչ է անում չստվերել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի գործունեությունը

Սուրեն Քրմոյանը կոչ է անում չստվերել կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային 
խմբի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի մարտի 29-ին Iravaban.net լրատվական կայքում հրապարակվել էր «Ինչո՞ւ է հարկատուների հաշվին միլիոններ ծախսվում անարդյունավետ աշխատող մարմնի վրա» վերտառությամբ հոդված, որով հեղինակը քննադատում էր ՀՀ Նախագահի կողմից՝ 2016 թվականի  դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմը, ներկայացված նախագծում հակակոռուպցիոն մարմնի կանխարգելիչ մոդելի ընտրությունը, խմբի գործունեությունը գնահատել էր  ոչ թափանցիկ և այլն: Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, որքանո՞վ է հոդվածում առկա քննադատությունը մոտ իրականությանը, արդյո՞ք խումբն այս ամիսների ընթացքում աշխատել է գաղտնի և ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքային խմբում Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակաոռուպցիոն կոալիցիայի ներգրավված չլինելը:

-Նախ նշեմ, որ այդ հրապարակմամբ փորձ է արվում ստվերել ՀՀ Նախագահի  կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը: Հոդվածի հեղինակի կարծիքով, խմբի կազմում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի  ներգրավվածությունը և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի «բացառումը» դրա գործունեության լեգիտիմությունը և թափանցիկությունը կանխորոշող հիմնարար պայման է:  

Մինչդեռ քաղաքականության մշակման գործընթացում հասարակական ներգրավվածության ապահովման պահանջը չի ենթադրում և չի կարող ենթադրել պաշտոնական աշխատանքային խմբերին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պարտադիր «անդամակցում»: Ավելին, այն չի պահանջում աշխատանքային խմբերում շահագրգիռ պետական մարմինների փոխարինում հասարակական կազմակերպություններով: Որպես կանոն, քաղաքականության մշակման գործընթացում հասարակական ներգրավվածության ապահովման ամենաընդունելի և տարածված եղանակը շահագրգիռ խմբերին նախագծերի ներկայացումը և դրա շուրջ հանրային քննարկում ծավալելն է:

Այս առումով հիշեցնեմ, որ դեռևս 2016 թվականի հունվարին Արդարադատության Նախարարի 19-Ա հրամանի հիման վրա կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի հետ կապված աշխատանքներն իրականացվել են համատեղ՝ պետության և քաղաքացիական հասարակության համագործակցության հարթակի շրջանակներում: Բացի այդ, արդարադատության նախարարության գործընկեր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն երկու անգամ կարծիք է ներկայացրել շրջանառվող նախագծերի վերաբերյալ, որի հիման վրա նախագծերում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, այդ թվում՝ վերանայվել են Կանխարգելման մարմնի անդամին ներկայացվող պահանջները: Լրամշակված տարբերակը կրկին ներկայացվել է հանրային քննարկման e-draft.am կայքէջում:

-Հոդվածի հեղինակը նախագիծը որակում է որպես էթիկայի հանձնաժողովի շահերը սպասարկող նախագիծ: Այս առումով արդյո՞ք տեղին է հեղինակի քննադատությունը:

-Ինչ վերաբերում է նախագիծը էթիկայի հանձնաժողովի շահերը սպասարկող որակելուն, նշեմ, որ հոդվածի հեղինակը որևէ մասնագիտական հիմք չի նշել: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախագիծը  վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծմանը, իսկ էթիկան հանդիսանում է կանխարգելման ընդամենը մեկ տարր:

-Հրապարակման մեջ քննադատվում էր նաև  Հակակոռուպցիոն մարմնի կանխարգելիչ մոդելի ընտրությունը՝ կասկածի տակ դնելով, որ հենց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ձևավորվող նոր մարմինը, որտեղ գործունեություն կծավալեն նույն անձինք, արդյունավետ չի գործի:

-Հոդվածի հեղինակը փորձում է նսեմացնել բարեփոխումը՝ պայմանավորված զուտ այն հանգամանքով, որ միջազգային պրակտիկայում ընդունված հնարավոր մոդելներից Կառավարությունը չի ընտրել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախընտրած տարբերակը, որն իրենից ենթադրում էր հակակոռուպցիոն մարմնի ունիվերսալ մոդել: Հարկ է նկատի ունենալ, որ երկու մոդելներն են միջազգայնորեն լայն տարածում ունեն և համարվում են արդյունավետ: Կանխարգելիչ մոդելների զարգացման ուղով է ընթացել Արևելյան եվրոպայի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Սլովենիան և Ռումինիան, որոնք միջազգային փորձագետների կողմից գնահատվում են որպես լավագույն փորձի օրինակներ: Ինչ վերաբերում է հնարավոր տարբերակներից որևէ մեկին նախապատվություն տալուն, ապա դա բացառես քաղաքականություն մշակող մարմնի հայեցողությունն է, որի համար վերջինս կրում է քաղաքական պատասխանատվություն: Բացի դրանից, հոդվածի հեղինակը պնդում է, որ հակակոռուպցիոն մարմնի ունիվերսալ մոդելը քննարկման առարկա չի դարձվել, այնինչ տվյալ հարցը քննարկվել է պատշաճ ատյանում՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի շրջանակներում՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Հոդվածի հեղինակը քննադատում էր նաև նախագծի որոշ կարգավորումներ:  Ցավում ենք, որ ստիպված ենք լրատվամիջոցի միջոցով տրամադրել բարձրացված «ոչ մասնագիտական» քննադատությունների վերաբերյալ մեր մասնագիտական մեկնաբանությունները:

Մասնավորապես,

  • Հոդվածի հեղինակները համաձայն չեն Հանձնաժողովի անդամին ներկայացվող մասնագիտական ցենզի հետ, այնինչ նշված հոդվածը Հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ խմբագրվել է և ներկայացվել հանրային քննարկման:
  • Անձնավորված քննադատության փոխարեն կհորդորեինք հոդվածի հեղինակին ներկայացնել իր առաջարկությունը՝ համապատասխան միջազգային փորձով հիմնավորված:
  • Ուշադրության է արժանի այն փաստը, որ գործող օրենսդրությամբ հանձնաժողովի անդամի համար 10 տարվա աշխատանքային փորձի առկայության պահանջը նախագծի հեղինակները փորձել են հնարավորինս մասնագիտական դարձնել՝ սահմանելով առնվազն 3 տարվա հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտի աշխատանքային փորձի առկայության պահանջ:
    • Հոդվածի հեղինակները վիճարկում են ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի հենքի վրա հակակոռուպցիոն  նոր մարմին ստեղծելու արդյունավետությունը, այնինչ հարցը բազմիցս քննարկվել է պետություն - քաղաքացիական հասարակություն հարթակի շրջանակներում:

Ամփոփելով խոսքս, ուզում եմ նշել, որ Արդարադատության նախարարությունը, որպես աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպող մարմին, իր իրավասության շրջանակներում գործում է թափանցիկ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավման ապահովման միջոցով: Նմանատիպ որակավորումներն իրավագիտության ոլորտում մասնագիտացված պարբերականում ոչ միայն չեն նպաստում արդյունավետության բարձրացմանը, այլև հասարակության մոտ թյուր կարծիք են ձևավորում հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության և թափանցիկության վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր գործընկեր Հասարակական կազմակերպությունները, օգտագործելով պետական մարմինների հետ համագործակցության առկա հարուստ գործիքակազմը, կառուցողական երկխոսության միջոցով կնպաստեն հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]