Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ազատամուտի դպրոցականները ծրագրավորման գիտելիքներ են ձեռք բերում «Արմաթ» լաբորատորիայում

Ազատամուտի դպրոցականները ծրագրավորման գիտելիքներ են ձեռք բերում «Արմաթ» 
լաբորատորիայում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Որոշել եմ դառնալ ինժեներ, ոչ թե ծրագրավորող, քանի որ վերջինս բոլորովին այն չէ, ինչ ուզում եմ: Աշխատելու եմ արհեստական բանականությամբ աշխատող մի ռոբոտ ստեղծել: Ռոբոտաշինության դասընթացներին միայնակ աշխատելու ընթացքում շատ հաճախ թերանում էի, սակայն երբ միավորեցի ուժերս ընկերոջս՝ Գարիկի հետ, հաջողություն ունեցա», - համոզմունքով է պատմում Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սան Էդգար Ղալումյանը խմբակի աջակից՝ Ucom ընկերության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին: 

Ազատամուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» լաբորատորիայում ինժեներական և ծրագրավորման գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերող սաները հիմնականում 6-7-րդ դասարանների աշակերտներ են, ովքեր փորձում են հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի դասընթացների ժամանակ սերտած գիտելիքները գործնականում կիրառել: Երեխաներն ինքնուրույն փորձում են ոչ միայն համակարգչի օգնությամբ մոդելավորել, այլև տպել տարբեր առարկաներ, խաղեր ծրագրավորել, անիմացիաներ ստեղծել: Նրանցից մի քանիսն իրենց ունակությունները դրսևորել են նաև տեխնոլոգիական ճամբարում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

«Ուզում եմ դառնալ ճարտարապետ ու ստեղծել այնպիսի շենքեր, որոնց մեջ մարդկանց տեղաշարժը շատ հեշտ կլինի», - երազում է նույն լաբորատորիայի սան Քամալյան Գարիկը:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող այս նախագծի երկարաժամկետ արդյունքը պետք է լինի ստեղծարար, հնարամիտ ու հայրենիքին օգուտ բերող սերունդը: Շատ կարևոր է, որ հետագայում այս երեխաները կարողանան իրականություն դարձնել այն, ինչի մասին այսօր մեզ պատմեցին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող  «Արմաթ»  խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]