1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները ցույց տվեցին հասարակության բևեռացվածությունը

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները ցույց տվեցին հասարակության 
բևեռացվածությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բևեռացվածությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Նախկինում նույնպես այդ բևեռացվածությունը եղել է, սակայն ներկայում այն խորացվեց: Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսևորումներ կստանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ներկայացնելով քվեարկության պատկերը` Լևոն Հովսեփյանը նշեց, որ այս անգամ իշխող կուսակցությունը ձախողվեց խոշոր քաղաքներում, հատկապես, Ստամբուլում, Անկարայում: Այնինչ, նախկինում այդ երկու քաղաքներում միշտ քվեարկել են հօգուտ իշխող կուսակցության: «Ոչ»-ի օգտին քվեարկել են միջերկրածովյան շրջանները, ինչպես նաև քրդերը:  

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ  Դիանա  Յայլոյանը, ով քննարկմանը Անկարայից միացել էր տեսակապով, նշեց, որ այս ընտրություններն առանձնանում են նախորդից մի կարևոր հանգամանքով:

«Այս ընտրությունները կազմակերպվել են այնպիսի քաղաքական միջավայրում, երբ երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Նախկինում նշվում էր, որ դա շուտով կվերացվի, սակայն երեկ մեր հեռախոսներին ստացանք հաղորդագրություն այն մասին, որ արտակարգ դրությունը երկրում շարունակվելու է մի քանի ամիս ևս»,-ասաց Դիանա Յայլոյանն` ընդգծելով, որ հանրաքվեի արդյունքների հետ կապված հասարակության մի ստվար զանգված հիասթափված է:

Նա նկատեց, որ չնայած իշխող ուժի ջանքերին, այն չկարողացավ հաղթանակ տանել բարձր տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում տարբեր նախաձեռնությունների դեպքում Էրդողանին այլ քաղաքական ուժերի աջակցությունն է պետք լինելու:  

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով քննարկմանը Ստամբուլից  միացել էր տեսակապի միջոցով, նշեց, որ այս հանրաքվեն երկրի փոքրամասնությունների առօրիայի վրա առանձնապես չի ազդի:

«Այս բարեփոխումները հատուկ մեզ համար դժվարություն չեն ստեղծում: Այսինքն` խնդիրն ընդհանուր երկրին, պետությանն է վերաբերում: Երկիրը մեծ ալեկոծումների մեջ է: Թուրքիան ուղղություն էր վերցրել դեպի Արևմուտք, ձգտում էր մոտ լինել արևմտյան բարքերին, սակայն տեսնում ենք, որ վերջին տարիներին այդ ուղղությունից լրիվ շրջված է: Դրան արձագանքում է նաև հասարակությունը: Այդ ալեկոծումները ազդում են և’ երկրի արտաքին քաղաքականության, և’ տնտեսության վրա: Ներդրողները շատ զգույշ են դարձել Թուրքիայի նկատմամբ, զբոսաշրջության  գումարները զգալի նվազել են: Ահա այս ամենը հաշվի առնելով, բոլորս լուրջ մտահոգություն ունենք երկրի ապագայի նկատմամբ»,-ասաց Բագրատ Էստուկյանը` նշելով, որ Թուրքիայում հայության մեծամասնությունը «ոչ»-ի կողմնակից է:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Համաձայն փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների՝ այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը: Սահմանադրական հանրաքվեով «այո»-ի հաղթանակի պարագայում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]