1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան անկանխատեսելի է, արտաքին քաղաքական գործընթացներում կայունություն չկա

Թուրքիան անկանխատեսելի է, արտաքին քաղաքական գործընթացներում 
կայունություն չկա

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան դարձել է բավական անկանխատեսելի երկիր, արտաքին քաղաքական գործընթացներում կայունություն չկա: Այս մասին նշեց Երևանում կազմակերպված քննարկմանը տեսակապի միջոցով միացած «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Այսօր դժվար է ասել, թե սահմանադրական բարեփոխումներից հետո Թուրքիայի վարած քաղաքականությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա: Նախորդ տարիների զարգացումները, Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները ցույց տվեցին, որ Թուրքիան բավական անկանխատեսելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բագրատ Էստուկյանը

Այն, որ սահմանադրական հանրաքվեն կազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, ըստ թուրքագետ Լևոն Հովսեփյանի, միանշանակ է: Նա նշեց, որ կառավարման համակարգի փոփոխությունից զատ պետք է դիտարկել նաև իշխանությունների համակարգը, որի գագաթին Էրդողանն է: Նրա ձեռքում է կենտրոնանում որոշումների կայացման գործընթացը: Դա էլ ծնում է անկանխատեսելիություն:

«Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ Թուրքիայի հարաբերություններին, ապա, կարծում եմ, որ այդ գործընթացները հուսադրող չեն: Հետագայում հարաբերություններում առկա լարվածությունը կշարունակվի»,-ասաց նա:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա  Յայլոյանն էլ նշեց, որ Թուրքիան նպատակ է դրել մինչև 2023 թվականը դառնալ աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող 10 երկրներից մեկը: Հետևաբար, կարևոր է հարաբերությունների զարգացումը թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ: Թե այս համատեքստում  առաջիկայում ինչ զարգացում կգրանցվի, փորձագետները դժվարանում են կանխատեսել:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Համաձայն փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների՝ այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը: Սահմանադրական հանրաքվեով «այո»-ի հաղթանակի պարագայում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]