Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում ամփոփել են հնագիտական պեղումների ոլորտում իրականացված աշխատանքները

 Արցախում ամփոփել են հնագիտական պեղումների ոլորտում իրականացված 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա առիթով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունում ամփոփել են հնագիտական պեղումների և պատմական հուշարձանների պահպանության ու վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այս մասին «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի փոխանցմամբ` «Քարինտակ» քարանձավի հնագիտական պեղումներն սկսվել են 2011թ., երբ Շուշիի և հարակից շրջաններում տարբեր հետախուզական պեղումներ արդեն ընթանում էին: Երիտասարդ հնագետներից կազմված արշավախմբի կազմում ընդգրկված են նաև Լեհաստանի Պոզնան և Կրակով քաղաքների համալսարանների մասնագետներ (հնամարդաբան, գենետիկ)։

Արշավախմբի ղեկավարը լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացրել է պեղավայրերը, կատարված աշխատանքները, ասելով, որ հայտնաբերված նմուշները` կենդանիների ոսկրանյութերը գենետիկական ուսումնասիրության կենթարկվեն:

Տիգրանակերտի հնագիտական պեղումների մասին էլ խոսել է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը` ասելով, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակութային ժառանգության պահպանությունը պետության ուշադրության կենտրոնում է: Տիգրանակերտ հնավայրը հետազոտվում է արդեն 13 տարի։ 2016 թ. պեղումներն իրականացվել են չորս հիմնական հատվածներում՝ ամրացված թաղամասի պարսպապատի, նույն թաղամասի հարավարևելյան դարավանդային տարածքներում, վաղ քրիստոնեական շրջանին պատկանող հրապարակում և արևելյան դամբարանադաշտում։ Լուսապատկերային ցուցադրությամբ ներկայացվել են քաղաքի աղյուսաշեն կառույցները, հայտնաբերված խեցեղենը, մյուս գտածոները։

2017թ. գարնանը հնագիտական մեկ այլ արշավախումբ ակտիվ աշխատել է Նոր Կարմիրավանի և Շուշիի Վերին մզկիթի հարակից տարածքներում: Պեղումների արդյունքների մասին գործընկերներին զեկուցել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը:

Միջոցառման ավարտին ոլորտի մի շարք նվիրյալներ պարգևատրվել են Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Երախտագիտություն» մեդալով, արժանացել` Արցախի Հանրապետության վարչապետի հուշամեդալին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]