Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 24.04.2017

Սպասվող լրահոս. 24.04.2017

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Լրանում է Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված եղեռնագործության 102-րդ տարելիցը: Բազմահազար մարդիկ, այդ թվում սփյուռքահայեր, օտարերկրյա հյուրեր, վաղ առավոտից այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին:

Հիշատակի միջոցառումներ են նախատեսված նաև բազմաթիվ երկրների հայկական համայնքներում: Տարբեր քաղաքներում նախատեսված է ջահերով երթ, պատարագ, բողոքի ակցիաներ թուրքական դեսպանատների մոտ:

Երևանում կանցկացվի «1915 թվական֊ի կանայք» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին կհաջորդի քննարկում Աննա Ալեքսանյանի հետ: Նա Քլարկ համալսարանի` Հոլոքոստի և Ցեղասպանությունների ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ է: Ֆիլմը 2016 թվականի արտադրության է, այն Հայաստանում դեռ  չի ցուցադրվել։

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա երջանկահիշատակ Քըրք Քրքորյանի նախաձեռնած Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի հայերեն կրկնօրինակմամբ մամուլի ցուցադրությունը: Լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր և օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը՝ դերասանական կազմը համալրելով համաշխարհային աստղերով: Երաժիշտ ու ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն է, նա աջակցել է  ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգի` «Սարի սիրուն յար»-ի, ժամանակակից ներկայացմանը:

«Նարեկացի» արվեստի միությունում կանցկացվի «Ոգեկոչում արվեստի շնչով» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը հանդես կգան՝ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը և իր ղեկավարած երգչախումբը, «Փարոս» երգչախումբը, «Նարեկացի», «Նովա» նվագախմբերը, «Նժդեհ» պարախումբը, ինչպես նաև կցուցադրվի Գարեգին Աղաբեկյանի լուսանկարները:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Համահայկական նվագախմբի համերգը, որով կոգեկոչվի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Նվագախումբը համերգային ծրագրերով հանդես կգա աշխարհի հայաշատ գաղթօջախներում: Այս տարի նախագծին կմասնակցեն աշխարհի 20 այլ երկրների շուրջ 45 քաղաքներից 70 հայ պրոֆեսիոնալ երաժիշտներ: Նվագախմբի մյուս 20 երաժիշտները կլինեն Հայաստանից: Ապրիլի 24-ի համերգին կկատարվեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգի ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]