1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան արդեն պետք է հրաժարվի ինքն իրեն և ժողովրդին խաբելուց. Եդվարդ Դանզիկյան

Թուրքիան արդեն պետք է հրաժարվի ինքն իրեն և ժողովրդին խաբելուց. Եդվարդ 
Դանզիկյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությանն առերեսվելուց հրաժարվելու պատճառով այդ երկրում դեռևս շարունակվում են հայերի ու մյուս փոքրամասնությունների նկատմամբ ատելության հանցագործությունները և խտրական վերաբերմունքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

«Թուրքիան արդեն պետք է առերեսվի տեղի հայերի դեմ 1915-ին և դրան հաջորդած ժամանակաշրջանում իրականացրածի հետ: Քանի դեռ այդ առերեսումը չկա, ցեղասպանությունն ինչ-որ առումով շարունակվող պետք է համարել: Այդ առերեսման բացակայությունն է, որ դեռևս շարունակվում են հայերի ու մյուս փոքրամասնությունների դեմ ուղղված ատելության հանցագործությունները, խտրական վերաբերմունքը»,- նշեց Դանզիկյանը:

Խմբագիրը հիշեցրեց 2017 թվականի հունվարին մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին Գարո Փայլանի ելույթից հետո նրա դեմ կիրառված պատժամիջոցների մասին: «Նախորդ ամիսներին մեջլիսում հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթից հետո նրա գլխին եկածներն այդ չառերեսվելու քաղաքականության հետևանքներից են: Փայլանն այս հողերում իրականացված ցեղասպանության մասին խոսելու պատճառով պատժվեց՝ հեռացվելով երեք նիստից, նրա խոսքերը դուրս բերվեցին արձանագրությունից: Սա խորհրդանշում է խնդրի վերաբերյալ Թուրքիայի վերաբերմունքը 102 տարի հետո, կարծում են, թե արձանագրությունից հանելով կթվա, թե ցեղասպանություն չի եղել: Թուրքիան արդեն պետք է հրաժարվի ինքն իրեն և ժողովրդին խաբելուց»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցին «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիրը քննադատեց հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելու թուրքական կողմից դիրքորոշումը: «Պետք է առանց նախապայմանների երկխոսություն սկսվի, երկու երկրի միջև հարաբերությունները չպետք է զոհաբերվեն Ադրբեջանի քաղաքական նախընտրություններին: Ցավալի է, որ Թուրքիան հարաբերությունները կապում է ղարաբաղյան հարցի հետ, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է դիտարկվեն այս հարցից անկախ: Անպայման պետք է երկխոսություն սկսել, սահմանները պետք է բացվեն»,- կարծիք հայտնեց Դանզիկյանը:

Արաքս Կասյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]