Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ. որևէ տնտեսվարող չի տուգանվել

ՊԵԿ-ի  կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ 
նախազգուշական բնույթ. որևէ տնտեսվարող չի տուգանվել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ապրիլի 27-ի հերթական նիստն է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տոնավաճառներում առևտրային գործունեությամբ զբաղվող ձեռներեցների կողմից բարձրացված և նրանց հուզող հարցերին: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի  նախագահ Վարդան Հարությունյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի  կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները կրել են զուտ նախազգուշական բնույթ և մինչ օրս որևէ տնտեսվարող չի տուգանվել: «Նրանք նոյեմբեր ամսից սկսած պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը և ՀԴՄ կտրոնների տրամադրումը»,-նշել է Վարդան Հարությունյանը: Ըստ նրա՝ այդ առումով արդեն դրական միտում է նկատվում և տնտեսվարողները, փոքր և միջին բիզնեսը  հասկացել են, որ դա  ոչ թե իրենց դեմ է ուղղված, այլ խոշոր բիզնեսի կողմից շրջանառությունը ավելի հստակեցնելուն: ՊԵԿ-ի նախագահը հայտնել է, որ համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել և առաջիկայում առաջարկություններ կներկայացվեն: Վարչապետը հորդորել է շարունակել այդ ուղղությամբ իրազեկումը՝ բացատրելով, որ դրա արդյունքում փոքր և միջին բիզնեսի բեռը չի ավելանալու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:       

Վարչապետն անտառների կառավարման ներկա մակարդակը գնահատել է  անբավարար և հանձնարարել ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները 

Անդրադառնալով անտառների կառավարման և ապօրինի անտառահատումներին գործադիրի ղեկավարը նշել է. «Վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրաձայնվում անտառների կառավարման և ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրը առավել խորքային է և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով: Անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված ու հետևողական աշխատանքը»։ Վարչապետը անտառների կառավարման ներկա մակարդակը գնահատել է   անբավարար և  հանձնարարել ՀՀ գյուղատնտեսության նախարարին 2-ամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել անտառների կառավարման, վերականգնման և պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցանկը և դերը, կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման ուղղությամբ հստակ առաջարկություններ և գործողությունների ծրագիր:  Հանձնարարվել է ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների և տեխնոլոգիաների ներդրման գործողությունների ծրագիր։  Կարեն Կարապետյանը հանձնարարել է, սերտ համագործակցելով բնապահպանական պետական տեսչության և իրավապահ մարմինների հետ,  մշակել և իրականացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է 1-շաբաթյա ժամկետում ուսումնասիրել վերջին երեք ամիսների ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում բնապահպանական հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից բարձրաձայնված անտառահատումների խնդիրները, քննարկել, վերլուծել և ներկայացնել հաշվետվություն: 

Աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի 

Աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ  արդարադատության նախարարներին հանձնարարարել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: 

Առավել տրամաբանական է ստեղծել բարեխիղճ վարկառուներին խրախուսող մեխանիզմներ.վարչապետ 

Անդրադառնալով վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքերին, կառավարության ղեկավարը նշել է. «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են ընձեռում բանկերին և վարկային կազմակերպություններին համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել տույժեր կամ տուգանքներ: Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ անհարկի բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին,  նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»:

Դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահին վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ է հնարավոր անել այդ ուղղությամբ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ տույժ ու տուգանքներ դնելու հնարավորությունները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների նախագիծ է մշակվել, որն այժմ գտնվում է Ազգային ժողովում և  անցել է երկու ընթերցում: Կարեն Կարապետյանը ԿԲ նախագահին հորդորել է  արագացնել այդ գործընթացը, կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և ներկայացնել առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը  նշել է նաև, որ գերատեսչությունների կողմից վեց ամսվա կատարված  աշխատանքների հաշվետվություններն արդեն  ներկայացված են, սակայն, եթե կան դիտարկումներ  հաշվետվությունների վերաբերյալ, ապա մինչև մայիսի 5-ը  արագ կարգավորել  դրանք, որպեսզի կառավարության նոր  ծրագրում  բացթողումները  բացառվեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]