1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսանողներն այս տարվանից կմասնակցեն ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի պարգևի մրցույթին

Աբովյանի անվան ՀՊՄՀ ուսանողներն այս տարվանից կմասնակցեն ՏՏ ոլորտում ՀՀ 
Նախագահի պարգևի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամները հանդիպեցին 2017 թվականին մրցանակների հավակնորդների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի 13-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը տարբերվում է նախորդներից նրանով, որ մրցանակաբաշխության մասնակցող բուհերի շարքը համալրել է նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը: Հավակնորդների հետ հանդիպումն առանձնացավ նրանով, որ մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց մրցույթի 13 տարվա հաջողված փորձը:

«Ես առաջին անգամ շնորհանդես եմ պատրաստել, նախորդ տարիների պատմական ակնարկն է արվելու, թե մրցանակաբաշխությունն ինչպես սկսվեց, ինչ փուլեր անցավ, և այսօր ինչ արդյունքներ ունենք: 13 տարի առաջ, երբ նոր էինք այս գաղափարը կյանքի կոչում, մտածում էինք, որ այն կլինի այնպիսի մրցույթ, որը կմոտիվացնի և կխրախուսի մեր շնորհաշատ պատանիներին, որպեսզի իրենք տեղեկատվական տեխնոլոգիաներն ընտրեն որպես մասնագիտություն և իրենց ապագա կարիերան կապեն այս մասնագիտության հետ: Կարծում եմ տարիների ընթացքում մեր հիմնական առաքելությունը կատարել ենք, քանի որ հաղթողների և մասնակիցների գերակշռող մասն ընտրել են ՏՏ-ն որպես մասնագիտություն: Մրցույթի նկատմամբ հետաքրքրությունն ընդհանրապես չի պակասել: Նույնիսկ մարդիկ կան, որ մի քարի տարի շարունակ, չնայած չեն շահում մրցանակ, սակայն մասնակցում են մրցույթին: Սա նշանակում է, որ մարդիկ հավատում են այս մրցույթի գաղափարախոսությանը»,- ասաց «Սինոփսիս Արմենիա» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Մասնակից համալսարանները և դպրոցները տարբեր անվանակարգերում ներկայացնում են իրենց թիմերին, հանձնաժողովի անդամները այդ անվանակարգերում մասնակիցների հետ հարցազրույցներ են վարում` 15-20 րոպե: Մուսայելյանի խոսքով` իրենք փորձում են ընտրել այնպիսի երիտասարդների, ովքեր ուղղակի «բոցավառվում» են այն մոտիվացիայից, որն իրենց ուղղորդում է տեխնոլոգիական ոլորտ:

Բացի հիմնական մրցանակներից կա նաև «Գրան Պրի», որը տրվում է բոլոր համալսարաններից և դպրոցներից լավագույն մեկ մասնակցին: «Ցավոք սրտի վերջին 4 տարում «Գրան Պրի» շահողներ չեն եղել: 2 անգամ ենք տվել «Գրան Պրի»: Ի դեպ, մի անգամ աշակերտի: Այն բացառիկ բան է, երբ մրցույթին մասնակցում են նաև ասպիրանտներ: Այնքան տաղանդավոր տղա կար, որ մենք պարզապես հիացած էինք նրանով: Նրա հետ հարցազրույցը տևեց կես ժամ, ուղղակի զարմանալի էր, որ մարդ այդ տարիքում այդքան հասուն լինի»,- նշեց Մուսայելյանը:

Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահի խոսքով` բուհերի ուսանողների համար այս միջոցառման նպատակն է, որպեսզի նրանք էլ ավելի կապվեն այս ոլորտի հետ և իրենց տեղը և նշանակությունը տեսնեն այս երկրում: Ըստ Մուսայելյանի` ուսանողները հասկանում են, որ մեր երկիրը ՏՏ ոլորտում կարող է լուրջ դերակատարում ունենալ և ոչ միայն տարածաշրջանում: Նրա ներկայացմամբ` փորձում են պարզել այն իրողությունները, որոնք կարող են նրանց նպատակաուղղել այս ոլորտ և գործել իրենց հայրենիքում:

«Ներկայումս ունենք հպարտության զգացում, որ ՀՀ Նախագահին առաջարկել ենք, ընդունվել է և արդեն 13 տարի է ընթանում է այս մրցանակաբաշխությունը: Հպարտությունն այն առումով, որ հանձնաժողովի անդամները բացառիկ հնարավորություն ունեն մեր տաղանդաշատ պատանիների հետ շփվելու: Հավատացեք, որ մենք անուղղելի լավատեսներ ենք, քանի որ այն ինչ մենք բացահայտում ենք հարցազրույցների ժամանակ, ուղղակի շատ կարևոր է մեր համար, քանի որ երբեմն շատ բացասական կարծիքներ են հնչում նոր սերնդի վերաբերյալ: Փայլուն սերունդ ունենք, փայլուն երեխաներ ունենք և պատահական չէ, որ մեր մրցանակակիրներից շատերն այսօր սովորում են աշխարհի առաջնակարգ համալսարաններում»,- ասաց Մուսայելյանը` վստահեցնելով, որ նրանցից շատերը վերադառնալու և գործելու են Հայաստանում:

Հանդիպմանը ներկա էին մրցանակաբաշխությանը մասնակցող բուհերի ուսանողներ և դպրոցների աշակերտներ:

2017 թվականին նախատեսված անվանակարգերն են գլխավոր մրցանակը, լավագույն ասպիրանտ (առաջին և երկրորդ կարգեր), լավագույն մագիստրանտ (առաջին և երկրորդ կարգեր), լավագույն բակալավր (առաջին և երկրորդ կարգեր), լավագույն սփյուռքահայ ուսանող, լավագույն աշակերտ (առաջին և երկրորդ կարգեր):

Անվանակարգերի հաղթողները որոշվում են ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված տեղեկատվական  տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի կողմից:

Մրցանակաբաշխության հարցազրույցները տեղի կունենան հունիսի 26-ից մինչև հունիսի 30-ը և հուլիսի 3-ից 4-ը, իսկ հաղթողները կպարգևատրվեն ՀՀ Նախագահի կողմից հոկտեմբերի 26-ին Նախագահական նստավայրում: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգև և հուշախորհրդանիշ:

Գլխավոր մրցանակի համար հանձնաժողովը տարիներ առաջ հայտարարել էր մրցույթ, որը շահեց մի ուսանող: Մրցանակը խորհրդանշում է անալոգային և թվային տեխնոլոգիաները: 

Նախագահական կրթական պարգևի ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի կողմից:

2005 թվականի ապրիլի 28-ին ՀՀ Նախագահի հավանությամբ «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման վերաբերյալ համաձայնագիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]