Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սիրիայում բախումնազերծ գոտիներ ստեղծելը կարևոր ձեռքբերում է. արաբագետ

Սիրիայում բախումնազերծ գոտիներ ստեղծելը կարևոր ձեռքբերում է. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում բախումնազերծ գոտու ստեղծմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արաբագետ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում իր կանխատեսումներն արեց, թե Սիրիայում, որ շրջանում կտրամադրվի բախումնազերծ գոտու վերահսկողություն: «Հիմնականում վերահսկողություն իրականացնելուց Հալեպում հնարավոր է լինի Իրանի, Իդլիբում` ամբողջապես Թուրքիայի և Լաթաքիայում՝ Ռուսաստանի մասնակցությունը»,-նկատեց նա: 

Ընդհանուր առմամբ, գնահատելով ներկայումս Սիրիայում ընթացող զարգացումները՝ արաբագետը նշեց երեք կետ` հակաահաբեկչական պայքար, Ռուսաստանի առաջարկությամբ բախումնազերծ կամ միջազգային տերմինոլոգիայով ապաէսկալացիոն գոտիների ստեղծում և երրորդ գործընթացը, որը կարելի է պայմանավորել նաև երկրորդով` ներքին բախումները հակակառավարական տարբեր խմբավորումների միջև:

«Մայիսի 3-4-ն Աստանայում տեղի է ունեցել հերթական հանդիպումը սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև: Հանդիպում է եղել նաև 2016 թվականի տարեվերջին Սիրիայում հաստատված հրադադարի հիմնական  միջնորդ կողմ հանդիսացող Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչների միջև: Ամենակարևոր ձեռքբերումը կողմերի միջև բախումնազերծ գոտիներ ստեղծելու մասին պայմանավորվածությունն է, որն ուղղակիորեն ռուսական կողմի առաջարկությունն էր, նախաձեռնողն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր: Հենց նրա հանձնարարությամբ ՌԴ Պաշտպանության նախարարությունն առաջ քաշեց այս նախագիծը»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի 4 շրջաններում` Իդլիբ նահանգում, Դամասկոսի թաղամասերից մեկում, ալ-Կունայտրա և Դարա նահանգներում պետք է ստեղծվեն բախումնազերծ գոտիներ: Անցյալ տարեվերջին դարձյալ Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայում հաստատվեց հարաբերական հրադադարի ռեժիմ: Հատկապես անցյալ ամսվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից սիրիական ռազմաբազայի հրթիռակոծումից հետո այս հրադադարի ռեժիմը աստիճանաբար դադարեցրել է իր ազդեցությունն ու  նշանակությունը սիրիական հակամարտության շրջանակներում: Գործընթացը փրկելու և շատ ավելի ընդլայնելու համար Ռուսաստանի կողմից առաջ է քաշվել բախումնազերծ գոտու ստեղծման նախաձեռնությունը: Նախնական պայմանավորվածությունների համաձայն գործելու են երեք հիմնական արտաքին դերակատարները` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: ՌԴ կողմից շատ ակտիվ բանակցություններ են ընթանում այլ արտաքին դերակատարների ներգրավելու համար: Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ-ի մասին է, Հորդանանի, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրների:

«Իմ խորին համոզմամբ ռուսական կողմը, հասկանալով, որ գործող ներկա դերակատարների միջոցով հնարավոր չէ պահպանել հրադադարի ռեժիմը կամ ստեղծել միջավայր սիրիական հակամարտության կարգավորման համար, առաջ է քաշում նոր ծրագիր, որում հնարավոր կլինի ներգրավել արտաքին դերակատարների շատ ավելի լայն շրջանակի»,- նշեց արաբագետը:

Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների (ՌԴ, Իրան, Թուրքիա) ներկայացուցիչներն Աստանայի միջազգային բանակցությունների՝ մայիսի 4-ին կայացած հերթական փուլի ընթացքում հուշագիր են ստորագրել Սիրիայում անվտանգության չորս գոտիների ստեղծման վերաբերյալ: Հուշագրի համաձայն, մայիսի 6-ից այս գոտիներում կդադարեն բոլոր բախումները կառավարական զորքերի եւ զինված խմբավորումների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]