Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրանույշ Սահակյանը ուղղորդված է համարում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի քննադատությունը

Սիրանույշ Սահակյանը ուղղորդված է համարում կոռուպցիայի դեմ պայքարի 
աշխատանքային խմբի քննադատությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի մարտի 29-ին Iravaban.net լրատվական կայքում հրապարակվել էր «Ինչո՞ւ է հարկատուների հաշվին միլիոններ ծախսվում անարդյունավետ աշխատող մարմնի վրա» վերտառությամբ հոդված, որով հեղինակը քննադատում էր ՀՀ Նախագահի կողմից՝ 2016 թվականի  դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին»  կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կազմը, ներկայացված նախագծում հակակոռուպցիոն մարմնի կանխարգելիչ մոդելի ընտրությունը, խմբի գործունեությունը գնահատել էր ոչ թափանցիկ և այլն: Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանի հետ:

-Տիկին Սահակյան, որքանո՞վ է հոդվածում առկա քննադատությունը մոտ իրականությանը, արդյո՞ք խումբն այս ամիսների ընթացքում աշխատել է գաղտնի:

-Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը ձևավորվել է իր առջև դրված կոնկրետ խնդիր լուծելու համար, այն է՝ մասնագիտական ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում մշակել կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իրավական ակտերի նախագծեր: Հասկանալի է, որ մշակված նախագծերն սահմանված ընթացակարգերին համապատասխան պետք է հանրային քննարկումների ներկայացվեն և այնուհետ պաշտոնապես շրջանառվեն:
 Այս առումով, հասարակական կազմակերպության ներկայացուցիչների ներգրավումը խմբի գործունեության թափանցիկության գնահատման օբյեկտիվ չափորոշիչ չէ:
Իրականում, աշխատանքային խումբը, որի 6 անդամներից միայն մեկն է ներկայացնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, աշխատանքային քննարկումներին զուգահեռ տարբեր ձևաչափերով համագործակցել է հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մի կողմից ներկայացնելով ընթացող բարեփոխումները, մյուս կողմից՝ լսելով վերջիններիս մոտեցումները որոշ խնդիրների կապակցությամբ:
Մասնավորապես, Հանձնաժողովն համագործակցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս տրամադրելով նախագծում արտացոլված մի շարք դրույթների վերաբերյալ աշխատանքային փաստաթղթեր, նրանց հետ անցկացնելով քննարկումներ:    
Նախագիծը Արդարադատության նախարարության կողմից 2 անգամ տեղադրվել է https://www.e-draft.am/ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Այդ առնչությամբ, ավելորդ չեմ համարում նկատել, որ հիշյալ կայքի https://www.e-draft.am/projects/129/digest հղման ներքո արտացոլված են նախագծի վերաբերյալ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջարկություններն ու նկատառումները և դրանց վերաբերյալ դիրքորոշումները:
Վերոնշյալից հետևում է, որ հրապարակման մեջ տեղ գտած «աշխատանքային խումբն էլ ոչ հրապարակային կերպով մշակում և շրջանառության մեջ է դնում … նախագիծը» դատողությունը հիմնազուրկ է:

-Ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքային խմբում Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ներգրավված չլինելը, ինչի մասին ևս հիշատակվում է հոդվածում:

-Հարկ է նկատի ունենալ, որ աշխատանքային խումբը ձևավորվել է բացառապես պետական մարմինների ներկայացուցիչներից, որը ղեկավարում է ՀՀ արդարադատության նախարարը: Լինելով հակակոռուպցիոն քաղաքականության մշակման պատասխանատուն՝ պետությունն այդ խնդիրը, որպես կանոն, լուծում է պետական ծառայողների միջոցով: Մյուս կողմից, իրավական ակտի նախագծի մշակումն այլ անձանց պատվիրակելու անհրաժեշտության դեպքում պետությունը դա կաներ պրոֆեսիոնալ կառույցների և հակակոռուպցիոն ոլորտում ճանաչում ունեցող փորձագետների ներգրավմամբ՝ վերջիններիս հետ կիսելով իր պատասխանատվությունը: Այս առումով, իրավական ակտերի նախագծերի մշակման համար ձևավորվող աշխատանքային խմբերում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավումը պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության առավել ընդունելի կամ ամենաարդյունավետ ձևաչափը չէ, հատկապես, որ այդ կառույցները մեծամասամբ չունեն քաղաքականության մշակման նշանակալի փորձ և կարողություններ:

- Հոդվածի հեղինակը նախագիծը որակում է որպես էթիկայի հանձնաժողովի շահերը սպասարկող նախագիծ: Տեղի՞ն է արդյոք նման քննադատությունը:

-Հետաքրքրական է, որ նախագիծը՝ որպես «էթիկայի հանձնաժողովի շահերը սպասարկող» որակելու համար հոդվածի հեղինակը մատնանշում է հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջների հետ կապված Նախագծում ամրագրված դրույթը՝ այն մատուցելով որպես հանձնաժողովի գաղափար: Մինչդեռ, վկայակոչվող դրույթը վերանայվել է հենց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության առաջարկի հիման վրա: Այսպես,  18.02.2017 թվականի թիվ 01/41 գրությամբ նշված կազմակերպությունը դիտարկումներ է ներկայացրել աշխատանքային խմբին՝ առաջարկելով վերանայել անդամին ներկայացվող պահանջները և սահմանել «հակակոռուպցիոն աշխատանքի ստաժի մասին» դրույթ: Հետևաբար՝ քննադատվող դրույթը ոչ թե հանձնաժողովի, այլ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գաղափարների «ծնունդն» է:

- Հոդվածում քննադատվում էր նաև Հակակոռուպցիոն մարմնի կանխարգելիչ մոդելի ընտրությունը՝ կասկածի տակ դնելով այն հանգամանքը, որ հենց էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ձևավորվող նոր մարմինը, որտեղ գործունեություն են ծավալելու նույն անձինք, չի կարող արդյունավետ գործել: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքն այս հարցում:

-Հարկ եմ համարում նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված և մոնիտորինգ իրականացնող միջազգային կազմակերպությունները  մշտապես դրական գնահատականի են արժանացրել Հանձնաժողովի գործունեության արդյունքները՝ հաճախ ընդգծելով հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ողջ թիմի նվիրվածությունը և ջանադիր աշխատանքը (Համաշխարհային բանկ, «Աջակցություն Պետական հատվածի արդիականացման երկրորդ և երրորդ ծրագրերի իրականացմանը» Հուշագիր, 28 մարտ- 2 ապրիլ 2013, էջ 8, կետ 24, Եվրոպական միություն, «Լրացում N1- Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ուղղված ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանը և ապագա Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքներին՝ փուլ II ֆինանսավորման համաձայնագրում» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի նախապայմանների գնահատման վերաբերյալ 2016 թվականի զեկույց, էջ 4):
Ինչ վերաբերում է թերահավատությանը, ապա տարօրինակ է, թե ինչու է դրա առկայության պարագայում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին ներկայացնում ուսումնասիրություն, որով որպես հնարավոր տարբերակ առաջարկում է կանխարգելիչ մարմնի մոդելը՝ նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ձևավորելու հնարավորությամբ («Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն», 19.04.2016, էջ 129):
Վերոնշյալ փաստերի լույսի ներքո պարզ է դառնում, որ քննադատությունն արհեստածին է և ուղղորդված, իսկ հոդվածի հեղինակն՝ առնվազն կողմնակալ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]