Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը նոր գրավչություն է ներկայացնում Լեհաստանի ներդրողների համար. Էդգար Ղազարյանի հարցազրույցը

Հայաստանը նոր գրավչություն է ներկայացնում Լեհաստանի ներդրողների համար. 
Էդգար Ղազարյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ներկայումս շարունակում են մնալ այդպիսին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում նշեց Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանն` անդրադառնալով հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:

-Պարոն դեսպան, այս տարի լրանում է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը, ինչպե ՞ս կբնութագրեք հայ-լեհական հարաբերությունների ներկա մակարդակը:

-Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ներկայումս շարունակում են մնալ այդպիսին: Դրանք իրենց բնույթով մշտապես կրել և կրում են բարեկամական բնույթ` հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա: Լեհաստանն առաջին պետությունների թվում է, որ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը` երկու երկրների միջև հաստատելով դիվանագիտական հարաբերություններ: Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև կնքվել են բազմաթիվ միջպետական և միջգերատեսչական համաձայնագրեր, որոնք բավարար իրավապայմանագրային դաշտ են ստեղծել երկու պետությունների քաղաքացիների և տնտեսվարողների համար` ակտիվ փոխգործակցություն ծավալելու և համագործակցություն զարգացնելու նպատակով: Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություների պատմությունը հարուստ է նաև բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելություններով, որոնցից վերջինը եղել է 2013 թվականին, երբ պաշտոնական այցով Լեհաստան է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

-Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք հայ-լեհական դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում:

-Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություների կարևորագույն ձեռքբերումը մեր բարեկամական հարաբերություների մշտապես դինամիկ զարգացումն է: Հարկ է նկատել, որ Լեհաստանն այն պետություններից մեկն է, որ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը (Լեհաստանի Սեյմն այդ առիթով հատուկ բանաձև է ընդունել դեռևս 2005 թվականի ապրիլի 19-ին): Լեհաստանը մշտապես հավասարակշռված վերաբերմունք է արտահայտել Արցախի խնդրի հարցում` մշտական աջակցություն ցուցաբերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Լեհաստանի հետ մենք ակտիվ համագործակցում ենք ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այս տարի Հայաստանն իր աջակցություն է հայտնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղի համար Լեհաստանի թեկնածությանը: Լեհաստանը Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկն է, հետևաբար մշտապես ակտիվ է եղել մեր փոխգործակցությունը նաև Եվրոպական Միության շրջանակներում:

-Լեհաստանը Հայաստանի համար շարունակում է մնալ կարևոր գործընկերներից մեկը, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Լեհաստանն իսկապես կարևոր երկիր է մեզ համար ոչ միայն քաղաքական համագործակցության, այլև առևտրատնտեսական կապերի զարգացման առումով: Հատկանշական է, որ Լեհաստանի Եվրոպական Միության խոշոր տնտեսություն ունեցող երկրներից մեկն է` դիվերսիֆիկացված տնտեսական կառուցվածքով և տնտեսական կայուն զարգացման դրական ցուցանիշներով: Անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին, Լեհաստանին հաջողվել է խուսափել տնտեսական անկումից, իսկ վերջին տարիներին Լեհաստանի տնտեսությունն իր աճի տեմպերով առաջատարներից մեկն է Եվրոպական Միությունում: Սա շատ կարևոր հանգամանք է մեր առևտրատնտեսական կապերը Լեհաստանի հետ աշխուժացնելու համար: Լեհաստանի շուրջ 40 միլիոնանոց շուկան իր հերթին պետք է, որ գրավիչ լինի Հայաստանի արտադրողների համար` հայկական ապրանքները դեպի Լեհաստան, իսկ այստեղից նաև եվրոպական այլ երկրներ արտահանելու համար: Վերջին տարիներին առևտրատնտեսական կապերի զարգացումը մեծ կարևորություն է տրվում երկու երկրների Նախագահների կողմից, ուստի մեր ջանքերն ուղղված են դրանց ընդլայնմանը: Հայաստանն իր հերթին նոր գրավչություն է ներկայացնում Լեհաստանի ներդրողների և տնտեսվարողների համար, քանզի Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությունը, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հիմնումը, Վրաստանի և այլ երկրների հետ ազատ առևտրի, Եվրոպական Միության հետ «GSP+» առևտրային ռեժիմի առկայությունը նոր հնարավորություններ են եվրոպացի գործարարների համար Հայաստանի միջոցով դեպի Արևելք իրենց բիզնեսը զարգացնելու համար: Այդ ուղղությամբ ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որն ամենամյա պարբերականությամբ նիստեր է գումարում ինչպես Լեհաստանում, այնպես էլ Հայաստանում` հստակեցնելով համագործակցության կոնկրետ ուղղություններ: Վերջին տարիներին Հայաստանյան ընկերությունները մասնակցություն են ցուցաբերում Լեհաստանում կազմակերպվող տարբեր ցուցահանդեսներին` ներկայացնելով իրենց արտադրատեսակներն ու ծառայությունները:

-Որքա՞ն է առևտրաշրջանառության ծավալը և արդյոք գոհացուցի՞չ  են առկա թվերը:

-Հայաստանի և Լեհաստանի միջև տարեկան ապրանքաշրջանառություն կազմում է մոտավորապես 40 մլն ԱՄՆ դոլար, ինչը, անշուշտ, գոհացուցիչ չէ այն առումով, որ, մեր կարծիքով, չի համապատասխանում առկա ներուժին: Սակայն առևտրաշրջանառության առումով գոյություն ունի մի կարևոր հանգամանք, որ այն մշտապես ունի աճի միտում: Մասնավորապես, 2015 թվականի համեմատ 2016 թվականին այդ ծավալներն աճել են շուրջ 23%-ով, ընդ որում աճ է արձանագրվել ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման առումով: Հատկանշական է նաև, որ ԱՊՀ երկրների համեմատությամբ, արտաքին առևտրի ծավալների աճ Լեհաստանն արձանագրել է միայն Հայաստանի հետ հարաբերություններում: Այս դրական դինամիկան հույս է ներշնչում, որպեսզի նոր ջանքեր գործադրվեն դրանք զարգացնելու համար:

-Հայաստանի եւ Լեհաստանի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի ՞նչ հնարավորություններ կան: Արդյո ՞ք նախանշված են կոնկրետ ուղղություններ: Հայաստանում ի՞նչը կարող է գրավել լեհ զբոսաշրջիկներին և հակառակը, հայ զբոսաշրջիկներին` Լեհաստանում:

-Զբոսաշրջության զարգացումը մեր առաջնահերթություններից մեկն է: Այն միաժամանակ ունի երկու կարևոր բաղադրիչ. առաջինն, անշուշտ, տնտեսականն է, երկրորդը` ճանաչողականը: Հայաստան այցելելուց հետո մարդիկ առավել ամբողջական և օբյեկտիվ պատկերացումներ են ձևավորում մեր երկրի մասին` դառնալով Հայաստանի բարեկամներն ամբողջ աշխարհում: Հայաստանը մեծ գրավչություն է ներկայացնում լեհ զբոսաշրջիկների համար: Հատկապես կարևոր է և արժեքավոր կրոնական զբոսաշրջությունը: Լեհերը, լինելով խորը հավատավոր քրիստոնյա ժողովուրդ, մեծ հարգանք և ակնածանք են տածում հայ ժողովրդի հազարամյա քրիստոնեական պատմության, մշակույթի և ժառանգության հանդեպ: Հատկապես 2001 թվականին, լեհ ժողովրդի մեծ զավակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի Հայաստան կատարած այցելությունը` Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյա հոբելյանի առթիվ, ինչպես նաև 2016 թվականի Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Ուխտագնացությունը Հայաստան` իբրև Առաջին քրիստոնյա երկիր, մեծ արձագանք է ունեցել Լեհաստանում: Հետևաբար, մարդիկ ցանկություն ունեն այցելել Հայաստան, ծանոթանալ մեր հնամենի պատմությանը ավանդույթներին: Այդ առումով չափազանց կարևոր դեր ունի Վարշավայից Երևան կանոնավոր ավիափոխադրումների կազմակերպումը, որն իրականացվում է լեհական «LOT» ավիաընկերության կողմից: Բազմաթիվ են դեպքերը, երբ լեհ զբոսաշրջիկները նախընտրում են տարածաշրջանային ճամփորդությունները` մեկ այցի ընթացքում միաժամանակ այցելելով ինչպես Հայաստան, այնպես էլ Վրաստան: Կարծում ենք, որ հայկական ավիափոխադրումների շուկայում նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքը մեծապես կարող է խթանել զբոսաշրջության զարգացումը Լեհաստանից Հայաստան, վստահ եմ նաև հակառակ ուղղություններով, քանզի Լեհաստանը նույնպես շատ հետաքրքիր երկիր է, որն արժե հայ զբոսաշրջիկների ուշադրությանը:

-Արդյո՞ք բարձրաստիճան փոխայցեր այս տարի ծրագրված են:

-Բարձրաստիճան փոխայցելությունների ուղղությամբ մենք աշխատում ենք մեր լեհ գործընկերների հետ: Երկուստեք կա մեծ հետաքրքրություն, սակայն վերջնական ամրագրված օրեր դեռևս հստակեցված չեն: Հուսով ենք, որ առաջիկայում նման այցելություններ անպայման կլինեն, որոնք մեծ խթան կհանդիսանան և մեծ ուժ կհաղորդեն մեր հարաբերությունների զարգացմանը:

-Պրն. դեսպան, ի՞նչ է նախատեսված դեսպանության օրակարգում 2017 թվականի համար: Հատկապես ո՞ր ուղղությամբ է այժմ Լեհաստանում Հայաստանի դեսպանությունն ակտիվ աշխատանքներ տանում:

-Լեհաստանում ՀՀ դեսպանության օրակարգը բխում է ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից և բոլոր այն խնդիրներից, որոնք մեր առջև դրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Մեզ համար օրակարգային են քաղաքական, առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, ռազմատեխնիկական և այլ որոտներում երկկողմ համագործակցության զարգացումը, մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացումն ու զարգացումը: Մենք մեծ անելիքներ ունենք ավելի ընդգրկուն կերպով ներկայացնել մեր հրաշալի երկիրը, դրա ոչ միայն հազարամյա պատմություն, այլև ժամանակակից հնարավորություններն ու առավելությունները: Մենք կարևորում ենք նաև Լեհաստանի հայ համայնքի եզակի պատմության ճիշտ ներկայացումը մեր լեհ բարեկամներին:

Մեր գործունեության առաջնահերթություններից են մնում առևտրատնտեսական կապերի զարգացումը, հայկական ապրանքների Լեհաստան արտահանելու հնարավորությունների ստեղծումը, Հայաստանում լեհ գործարարների կողմից ներդրումների խրախուսումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացումը:

Մենք առանձնակի կարևորություն են տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, ինչի համար նույնպես գոյություն ունեն հրաշալի նախադրյալներ: Լեհաստանի խորհրդարանում գործում է հեղինակավոր քաղաքական գործիչներից կազմված Լեհաստան-Հայաստան բարեկամության խումբը: Նման բարեկամության խումբ գոյություն ուներ նաև ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովում, վստահ եմ, որ այդպիսին կձևավորվի նաև Հայաստանի նոր խորհրդարանում: Մեր խորհրդարանական բազմաթիվ պատվիրակություններ վերջին երկու տարիներին հաճախակի այցելել են Լեհաստան, համագործակցություն են ծավալել իրենց լեհ գործընկերների հետ տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]