Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա

Գերմանացի պատգամավորներն այցելելու են Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Գերմանիայի միջև Ինջիրլիքի ռազմաբազայի հետևանքով լարված հարաբերությունների պարագայում մի շարք գերմանացի պատգամավորներ այս շաբաթ այցելություն են իրականացնելու Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:

Բունդեսթագի Կանաչների կուսակցության պատգամավոր Կլաուդիա Ռոթի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված պատգամավորներ տարբեր կուսակցություններից: Թուրքիայում նրանք մտադիր են հանդիպել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների, քաղաքական գործիչների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Այցն իրականացվելու է մայիսի 25-28-ը:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]