Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկեց «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը

Երևանում մեկնարկեց «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը

ԵՐԵՎԱՆ,  22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի անդրանիկ համերգն անցկացվեց մայիսի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգային ծրագրին մասնակցեցին ԱՊՀ մասնակից պետությունների 12-րդ երիտասարդական Դելփյան խաղերի հայաստանյան դափնեկիրներ:

«Այս համերգային ծրագրով ամփոփում ենք տարվա ընթացքում մեր  ունեցած հաջողությունները: Թող անհամեստ չհնչի, բայց պետք է ընդգծեմ, որ Հայաստանում բազմաթիվ լավ ծրագրեր ու նախագծեր ենք իրականացրել: Երիտասարդ ստեղծագործողները  բարձր են պահել մեր պատիվը միջազգային տարբեր հարթակներում՝ մասնակցելով բազմաբովանդակ մրցույթների և մրցանակային տեղեր շահելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս մեկ շաբաթվա ընթացքում 40-ից ավելի միջոցառումներ են իրականացվելու ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում: «Մենք առաջնորդվում ենք մի կարգախոսով, որ այսօր երեխաների գեղագիտական դաստիարակությամբ զբաղվելով՝  վաղն ունենալու ենք մշակույթ կերտող սերունդ»,-եզրափակեց փոխնախարարը:

 Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն ասաց, որ նախագծին Հայաստանի մասնակցությունը բավականին արդյունավետ է: «Ծրագրի  շրջանակում տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ են ժամանել Հայաստան, վարպետության դասեր անցկացրել երեխաների հետ: Մեր երիտասարդ կատարողները և ստեղծագործողները մասնակցել են Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում անցկացված միջազգային մրցույթների և հաջողությունների հասել: Նրանցից շատերն այսօր կլինեն բեմում»,-նշեց նա:

Սարգսյանը հավելեց, որ ամեն բան արվել է և արվում է, որ հայ երեխաները կրթվեն, զարգանան, աճեն:

Համերգային ծրագրի մասնակից 13-ամյա քանոնահարուհի Լիլիթ Պետրոսյանը շեշտեց, որ  մասնակցել է մի շարք միջազգային և հանրապետական մրցույթ- փառատոների՝ արժանանալով ոսկե, արծաթե և այլ մեդալների:

«Մրցույթներում կայանում եմ, կոփվում ու իրատեսորեն գնահատում  իմ հնարավորությունները: Այսօր մեծ սիրով եմ ներկայանալու հայ երաժշտասերների առաջ»,-ասաց Լիլիթը:

«Հպարտ եմ, որ մասնակցել եմ Դելփյան խաղերին ու հաղթել «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում: Մրցույթները երիտասարդ կատարողներին  առաջ գնալու, նոր ծանոթություններ հաստատելու, ինքնադրսևորվելու հիանալի հնարավորություն են տալիս»,-նշեց համերգի մասնակից երգչուհի Իրինա Գուլամբարյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում և ՀՀ մարզերում կիրականացվեն շուրջ 35 նպատակային բազմաբնույթ ծրագրեր և միջոցառումներ /վարպետության դասեր, ուսումնամեթոդական և գործնական ծրագրեր, տեսական առարկաների վիկտորինա, փառատոներ, մանկական երաժշտական բեմադրություններ, երաժշտական և պարային համերգներ, ցուցահանդեսներ, պետական պատվերով հրատարակված երաժշտական գրականության նվիրաբերում և այլն/:

«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և իրականացվող ծրագրերի յուրօրինակ հանրագումար-ստուգատես է, որի ընթացքում հանրությանը կներկայացվի գեղարվեստական կրթության կարևորությունը, այս ասպարեզում արտերկրի առաջավոր փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը նպատակաուղղված այն բոլոր նախադրյալները, որոնք ստեղծվել ու ամրապնդվում են ՀՀ կառավարության, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ծրագրերով:

Գեղարվեստական կրթության դերն ու նշանակությունը կարևորվում է ամբողջ աշխարհում: Այդ մասին է վկայում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանը, որտեղ, 2012 թվականից ի վեր, յուրաքանչյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթը հռչակվել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»: Հայաստանի Հանրապետությունն այս կարևոր նախաձեռնությանը միացել է 2012 թվականից: 2012-2016 թթ. հանրապետությունում իրականացվել է 199 միջոցառում, նպատակային բազմաբնույթ ծրագրեր` 8486 մասնակցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am