Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մշակույթի նախարարությունը գրահրատարակչության ոլորտում նախատեսում է մի շարք նորամուծություններ

Մշակույթի նախարարությունը գրահրատարակչության ոլորտում նախատեսում է մի 
շարք նորամուծություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գրահրատարակչության ոլորտում առաջիկայում սպասվող ծրագրերի, հրատարակված եւ հրատարակվող գրքերի, նոր ուղղությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանի հետ:

-Պրն Տեր-Վարդանյան, մեր ընթերցողներին հետաքրքրում են տարվա գրահրատարակչական ծրագրերի մասին: Ի՞նչ է սպասվում առաջիկայում:

-Այս տարի մի շարք նոր շեշտադրումներ ունենք, մասնավորապես, ուշադրություն պետք է դարձնենք հայ գրականությանը կամ Հայաստանին վերաբերող գրականության թարգմանությանը այլ լեզուներով: Սա առանցքային ուղղություն է, որը  հատուկ կարեւորություն է ստացել մեր քաղաքականության մեջ, եւ խոսքը, առաջին հերթին, վերաբերում է այդ գրականությունը Հայաստանից դուրս այլ լեզուներով հրատարակելուն եւ տարածելուն. նախարարությունն այդ հարցում  ֆինանսական աջակցություն կցուցաբերի արտասահմանյան հրատարակչություններին: Ինչո՞ւ արտասահմանյան, որովհետեւ հիմնականում Հայաստանում այլ լեզուներով հրատարակությունները չեն հասնում օտարալեզու ընթերցողներին եւ մնում են երբեմն հուշանվերային նպատակներին ծառայելու համար, իսկ այդ հրատարակչությունների կողմից հրատարակելու պարագայում  արդեն տարածվում են նաեւ գրավաճառ ցանցում: Սա աշխարհում արդեն վաղուց  կիրառվող մոդել է, եւ տարբեր երկրներ թարգմանությունների աջակցման դրամաշնորհներ ունեն: Այս ծրագիրն արդեն տվել է առաջին պտուղները. ունենք արդեն հրատարակված մի շարք գրքեր, այդ թվում՝ օրինակ՝ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» ստեղծագործությունը անգլերեն է թարգմանվել եւ հրատարակվել Նիդերլանդներում, Գուրգեն Մահարու «Այրված այգեստաններ»-ը ամհարերեն է թարգմանվել Եթովպիայում,  ուկրաիներեն՝  Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» եւ այլն: Պարբերաբար ստանում ենք նոր հայտեր արտասահմանյան այլ հրատարակչություններից, որոնք ևս պետք է քննարկվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից եւ,  հավանության արժանանալու դեպքում, այդ երկրներում հրատարակվեն:

-Իսկ որո՞նք են թարգմանության հետ կապված հիմնական խնդիրները:

-Թարգմանիչների խնդիրը, անշուշտ, կա, եւ հատկապես այն լեզուների պարագայում,  որոնք այդքան էլ տարածված չեն եւ անգամ տարածվածների պարագայում կա խնդիր  այն իմաստով, որ թարգմանիչները շատ չեն: Կարծում եմ, որ պահանջարկը  կձեւավորի նոր թարգմանիչների սերունդ, քանի որ ըստ էության՝ հենց անհրաժեշտությունը կարող է ծնել նոր թարգմանիչների: Առաջիկայում միջազգային ցուցահանդեսների մասնակցության ժամանակ ենք նախատեսում այս ծրագիրը ներկայացնել արտասահմանյան հրատարակիչներին,  եւ հուսով ենք, որ միջազգային ցուցահանդեսները, հատկապես Ֆրանկֆուրտի ցուցահանդես-տոնավաճառը, կարող են տալ լուրջ արդյունքներ: Մենք հիմա ունենք տարբեր երկրներից առաջարկներ, վերջերս Մակեդոնիայից ենք ստացել առաջարկ,  դրանից առաջ՝ Լատվիայից: Երկրների աշխարհագրությունը խիստ տարբեր է, եւ մենք ուրախ ենք դրա համար: Անշուշտ, լայն աշխարհագրություն ունեցող լեզուները մշակութային քաղաքականության տեսանկյունից ավելի կարեւոր են, բայց պիտի կարևորենք նաև պակաս շրջանառություն ունեցող լեզուները, ինչպիսիք են օրինակ՝ ամհարերենը, լեհերենը, լատիշերենը: 

-Ժամանակակից գրականության առումով ի՞նչ կարող եք ասել:

- Ժամանակակից գրականության պարագայում նորությունն այն է, որ եթե նախորդ տարիներին մենք ժամանակակից գրողների ստեղծագործությունների հրատարակությանն էինք ուղղակի աջակցում, ապա այս տարի աջակցում ենք գրողների հանրահռչակմանը, ինչի արդյունքում արդեն նրանց պահանջարկը և հրատարակիչների հետաքրքրությունը կմեծանան: Այս տարի նախատեսում ենք հեռուստատեսային մի նախագիծ, որի ժամանակ գրողները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ստեղծագործությունները: Հրատարակիչները եւս մասնակցելու են նախագծին եւ ընտրելու են այն գրողներին, որոնց գործերը պատրաստ են հրատարակել և համագործակցել նրանց հետ նաև նախագծի ավարտից հետո: Այս պարագայում հրատարակիչների միջև երբեմն կարող է մրցակցություն առաջանալ: Այդ ընթացքում նույն ստեղծագործությունները նաեւ ներկայացվում են հանրության դատին, այսինքն՝ մարդկանց կարծիքը եւս հրատարակիչների համար որոշիչ  կլինի:

Ժամանակակից գրականության հանրահռչակմանն է միտված նաև նախարարության աջակցությունը գրական մամուլի լույսընծայմանը: Մենք այս տարի նշում ենք «Գարուն» ամսագրի 50-ամյակը, եւ այս առիթով հատուկ միջոցառումների շարք է նախատեսված: Աշխատանքներ ենք տանում նաև էլեկտրոնային գրական մամուլի ակտիվացման ուղղությամբ՝ փորձելով ձեւավորել մի հարթակ, որտեղ ստեղծված եւ ստեղծելիք գրականությունը կարող են քննարկել եւ՛ մասնագետները, եւ՛ ընթերցողները: 

-Ի՞նչ նոր գրքերի հրատարակությանն ենք նախատեսում աջակցություն տրամադրել:

-Պետպատվերով հրատարակվող գրականության ուղղություններից է հանրագիտարանային գրականությունը, որի շրջանակում այս տարի կհրատարակվի հայկական երաժշտական հանրագիտարան, որը նախադեպը չի ունեցել, մեկնարկել են «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանի ստեղծման աշխատանքները: Հուսանք, որ այն պատրաստ կլինի մինչեւ գրողի 150-ամյակը: Այս տարվա կարեւոր ուղղություններից է նաեւ մեր մշակույթը ներկայացնող գրականության հրատարակումը, եւ այստեղ կցանկանայի առանձնացնել Հովհաննես Այվազովսկու կյանքը ներկայացնող գիրքը, Սոս Պետրոսյանի «Հայկական կրկեսը»  եւ այլն: Հատուկ ուշադրություն ենք դարձրել ալբոմային գրականությանը: Այս տարի լույս է տեսնելու  Մինաս Ավետիսյանի ալբոմը: Առաջիկայում ունենալու ենք «Հայաստան» ալբոմը, որը շատ ընդգրկուն է լինելու եւ ակնհայտորեն պահանջված է, որովհետեւ այսօր Հայաստանը ներկայացնող ալբոմային գրականության պակաս ունենք: Ստեղծման գործընթացում են հուշարձանների մասին ավանդազրույցներ պատմող գիրքը. գիտենք, որ բազմաբնույթ պատմություններ կան մեր հուշարձանների մասին, որոնք հիմա հավաքվում են մասնագետների կողմից եւ զուգորդված են լինելու հրաշալի լուսանկարներով: Նախորդ տարեվերջին հրատարակել ենք Զավեն Խաչիկյանի լուսանկարների ալբոմը, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին,  վերջին օրերին՝ Դավիթ Հակոբյանի «Հողի դողը ոտքերի տակ» պատկերագիրքը: Ստեղծել ենք նաեւ «Հայաստանի եւ Արցախի թանգարանները» տեղեկագիրք-ալբոմը, որն ընդգրկում է բոլոր թանգարանները՝ եւ պետական, եւ մասնավոր: Սա մշակութային տուրիզմը խթանող հրաշալի նախագիծ է: Նաեւ դասական գրականության հրատարակման մասին կցանկանայի խոսել որպես առանձին ուղղություն. նախատեսում ենք հրատարակել մեր ժամանակակից գրողների հայտնի գործերը, ինչպես օրինակ՝  Լեւոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպը: Հետագայում միտք ունենք գուցե նոր մատենաշար ստեղծել ժամանակակից նշանավոր գրողների համար, ովքեր 60-ականներից հետո եկած և անկախության տարիներին էլ ստեղծագործող սերունդն են, որ բավարար հրատարակում և ճանաչում դեռևս չունեն:

-Իսկ հատկապես  երիտասարդ գրողներին աջակցությանն ուղղված ի՞նչ ծրագրեր եք նախաձեռնում:

-Աջակցության ծրագրերում ունենք «Առաջին գիրքը» որպես մեկնարկային նախագիծ: Այս ծրագրով հնարավորություն ենք ընձեռում տաղանդավոր երիտասարդ հեղինակներին գրականություն մուտքի հայտ ներկայացնել իրենց անդրանիկ գրքերով: Երիտասարդների առջեւ բաց է նույն այդ հեռուստատեսային ծրագիրը, պատրաստ ենք նաեւ լսել ցանկացած առաջարկ մեր երիտասարդներից եւ մտածել ստեղծարար մոտեցումներ նրանց գործերի հանրահռչակմանն աջակցելու համար:

-Որքա՞ն են գրքերի հրատարակության համար նախարարության կողմից հատկացվող ընդհանուր ֆինանսական ծախսերը:

-Ամեն տարի հատկացվող գումարի չափը տարբեր է: Այս տարի այն կազմել է 43 մլն 465 հազար դրամ: Այժմ պետական աջակցությամբ հրատարակվող գրքերի քանակը մի փոքր պակասեցրել ենք, որ քննարկման հարց էր, քանի որ ժամանակին, երբ ավելի մեծ տպաքանակներ էինք ունենում, շատ գրքեր մնում էին պահեստում:

 

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]