Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը եռակողմ հանդիպում կանցկացնեն աշնանը

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը եռակողմ հանդիպում կանցկացնեն աշնանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներն առաջին անգամ Վրաստանում եռակողմ հանդիպում կանցկացնեն ընթացիկ տարվա աշնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Դրա մասին հայտնի Է դարձել մայիսի 23-ին Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիայի, Զաքիր Հասանովի եւ Ֆիքրի Ըշըքի՝ Բաթումում (Աջարիա) կայացած եռակողմ նախարարական հանդիպման շրջանակներում: 
«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպման կարեւորությունը, հանդիպում, որն առաջին անգամ անցկացվելու Է ընթացիկ տարվա աշնանը, եւ այն ընդունելու Է Վրաստանը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաեւ պլանավորված եռակողմ զորավարժությունները: Վարժանքների անցկացման ստույգ ամսաթվերն ու վայրերը անհայտ են մնում:
Վրացական ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունիսի 4-ից մինչեւ 14-ը Թուրքիայում կանցկացվեն թուրքա-վրացա-ադրբեջանական Caucasus Eagle զորավարժությունները՝ երեք երկրների հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ: Սեպտեմբեր ամսին կկայանան նաեւ շտաբային համակարգչային վարժանքներ՝ երեք երկրներից ժամանած զինվորականների մասնակցությամբ: 
Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել, որում ասվում Է, որ երկրները տարածաշրջանային ու միջազգային մակարդակներով կշարունակեն մասնակցել խաղաղության եւ կայունության ապահովմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]