Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. Մոգերինի

Եվրամիությունը ԼՂ խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. 
Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը պատրաստակամ է ընդլայնել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 23-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, ով դրական ու կառուցողական է որակել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը:

Մոգերինին նշել է, որ կողմերը քննարկել են իրենց հարաբերություններում հետագա քայլերը, մասնավորապես կապված ԵՄ-Հայաստան նոր համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հետ:

«Եվրամիությունը պատրաստակամ է ընդլայնել ու խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին տարբեր ոլորտներում, որոնց շարքում են տնտեսական զարգացումը, գործարար միջավայրը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը՝ հարցեր, որոնք շատ կարևոր են Հայաստանի քաղաքացիների համար: Մենք խոսել ենք այն արժեքներից, որոնք կիսում ենք՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն»,- նշել է Մոգերինին:

Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: «Եվրամիությունը հավատացած է, որ ստատուս-քվոն անկայուն է, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ համաձայն միջազգային իրավունքի: ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- ասուլիսի ժամանակ ընդգծել է Եվրամիության ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ ՀՀ արտգործնախարարի հետ քննարկել են նաև հարցերի ավելի լայն շրջանակ, այդ թվում և իրադրությունը Սիրիայում: Քննարկված թեմաների շրջանակում է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: «Եվրամիությունն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ կոչ անելով կողմերին ներգրավվելու այդ գործընթացում առանց նախապայմանների»,- հայտարարել է Մոգերինին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]