Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը

Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ խնդիրը հարթվեց. տեղապահը 
ձեռնամուխ կլինի ընտրությունների կազմակերպմանը

ԷՋՄԻԱԾԻՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում տիրող իրավիճակի և հայ համայնքում տեղ գտնող հուզումների մասին վերջին շրջանում շատ խոսվեց և գրվեց: Այս ամենի և ներկայիս զարգացումների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին պատասխանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

-Ինչպիսի՞ն են վերջին օրերի զարգացումները Պոլսում: Օրեր առաջ այդ կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հերթական անգամ հանդես եկավ հայտարարությամբ:

- Իսկապես, օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած ժողովի ժամանակ Գերագույն հոգևոր խորհուրդը հերթական անգամ քննարկման նյութ դարձրեց մեր եկեղեցական և ազգային կյանքում վերջին շրջանում հաճախ արծարծվող զգայուն խնդիրը` Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ընտրյալ տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին հնարավորություն չէր ընձեռվում ձեռնամուխ լինելու իր պարտականությունների իրականացմանը:

Անշուշտ, հիշում եք, որ Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ դեռևս փետրվարին Պատրիարքության երեք Սրբազան Հայրերը ժամանեցին Մայր Աթոռ, ուր Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն այդ գործընթացի կազմակերպման և պատրիարքական տեղապահի ընտրության կապակցությամբ:

Ընտրությունը կատարվեց, սակայն դեռևս խնդիրները շարունակում էին մնալ: Այս էր պատճառը, որ Գերագույն հոգևոր խորհուրդը, զորակցություն հայտնելով Պատրիարքական տեղապահին, հորդոր ուղղեց նաև Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` զորավիգ լինելու Պատրիարքական ընտրյալ տեղապահին և ձեռնարկելու անհրաժեշտ քայլերը՝ Պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար։

-Կա՞ն արդյոք արդյունքներ, ի՞նչ փոխվեց պոլսահայության կյանքում, կհարթվի՞ ստեղծված անցանկալի իրավիճակը:

- Ուրախությամբ պիտի ծանուցեմ, որ Պոլսո Պատրիարքության շուրջ խնդիրն ի վերջո լուծվեց: Այսօր Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Ամենայն Հայոց Հայրապետին պաշտոնական գրությամբ ծանուցեց, որ Պատրիարքարանի ղեկն այսուհետ հանձնում է ընտրյալ տեղապահին` ձեռնարկելու պատրիարքի ընտրությունների կազմակերպումը: Նշեմ, որ Արամ Սրբազանի կողմից նաև հրավեր է ուղղվել Գարեգին արքեպիսկոպոսին` ժամանելու Պոլիս և ստանձնելու իր պաշտոնը: Նախապատրաստվող այս քայլի մասին դեռևս մեկ շաբաթ առաջ Արամ Սրբազանը հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել էր Նորին Սրբությանը:

Երկարատև աշխատանք էր, որ տարվում էր: Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ էր բոլոր կողմերի հետ` ջանքեր գործադրելով, որպեսզի հոգևոր դասը և ազգայինները եղբայրական ոգով ու խաղաղ գործակցությամբ որոշումներ կայացնեն և լուծումներ գտնեն ստեղծված կացության մեջ: Նվազ չէին նաև այս գործընթացում ազգայինների կողմից գործադրված ջանքերը:

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանքի է արժանացրել Արամ արքեպիսկոպոսի այս քայլը:

-Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում առաջիկայում:

- Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի ցանկությունը մեկն է, որ պոլսահայությունը վերագտնի իր խաղաղ բնականոն կյանքը և ընտրությունների արդյունքում պատմական Պոլսո Հայոց Աթոռն օժտվի իր գահակալով:

Առաջիկա օրերին տեղապահ Սրբազանի համար, ով ներկայիս գտնվում է Գերմանիայում, կկազմակերպվի պատշաճ ընդունելություն: Ապա, ըստ սահմանվածի` ընտրյալ տեղապահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կկազմվի նախաձեռնարկ մարմին, որը տեղապահի գլխավորությամբ ձեռնամուխ կլինի այլևս պատրիարքական ընտրությունների  կազմակերպմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]