1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «GIZ» աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում:

GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում անցկացվուղ հանդիպմանը մասնակցել են պետական ու մասնավոր շահագրգիռ կազմակերպությունների շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ նոր օրենքի նախագծի մշակման հիմքը  քաղաքացիական հասարակության պահանջն էր, ինչպես նաև 2003 թվականին ընդունված գործող օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները, որոնք այս օրենքի կարգավորման առարկան են հանդիսանում: Նրա խոսքով՝ նոր օրենքի նախագիծն ուղղված է մարդու իրավունքների իրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցային կառավարմանը: Որպես կարևոր դրույթներ՝  նախարարի տեղակալն առանձնացրել է Էլեկտրոնային հարցումների ներդրման, տեղեկատվություն տիրապետող մարմինների կողմից պրոակտիվ քաղաքականության և տեղեկատվական ռեեստրների վարման ու հրապարակման կարգավորումները:

Փոխնախարարն անդրադարձել է նաև ամենաշատ քննարկված՝ տեղեկատվության ազատության համար լիազոր մարմնի ստեղծմանը և նշել, որ այդ գաղափարը տեղեկատվության ազատության ոլորտում լրացուցիչ կառուցակարգեր ստեղծելու նպատակ ունի:

Ամփոփելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի որպես հիմնական սկզբունք նշել է, որ այն քննարկվելու և ընդունվելու է շահագրգիռ բոլոր կողմերի հետ լայն կոնսենսուսի հիման վրա:

Այնուհետև GIZ փորձագետ Նորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի շուրջ ՀՀ արդարադատության նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության համատեղ աշխատանքը և օրենքի նախագծի նախապատրաստական ողջ շրջանը: 

Գերմանական միջազգային համագործակցության ընկերության փորձագետ Օտտո Լուխտերհանդթը քննարկման մասնակիցներին ներկայացրել է օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտարկումները և նշել, որ այս նախագիծն ավելի ժամանակակից է, քան գործող օրենքը, հատկապես թվայնացման առումով, սակայն հիմքեր կան օրենքն ավելի բարելավելու: Որպես դրական առանձնահատկություններ նա նշել է պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, տեղեկատվության ստացման համար էլեկտրոնային միջոցների կիրառման դրույթը:

 Փորձագետի դիտարկումներին հաջորդել է նաև մասնագիտական քննարկում՝ օրենքի նախագծի բարելավման նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]