1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանյան բեսթսելեր 4/62. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ը առաջինն է

Երևանյան բեսթսելեր 4/62. «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»-ը առաջինն է

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքը: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Շաբաթներ շարունակ ամենավաճառվածների առաջին հորիզոնականը զբաղեցրած Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն այս շաբաթ երկրորդն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:

Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը»  գիրքը մի քանի հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երրորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:

Խալեդ  Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» վերադարձել է ցանկ ու զբաղեցրել չորրորդ հորիզոնականը: Ստեղծագործության հերոսի՝ Ամիրի համար օդապարուկ թռցնելու մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և, վերջապես, նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար կրկին լավը դառնալու հնարավորություն կար:

Հինգերորդ տեղում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան»  ստեղծագործությունն է:  Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպն այս անգամ վեցերորդն է: Այն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: 2002 թ. պորտուգալական «Դե Լետրաշ» ամսագիրը, որը համարվում է տեղական գրականության հրատարակման և գրական շուկայի հեղինակությունը, հայտարարել է, որ «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակն ավելի է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակից:

Յոթերորդ հորիզոնականում համաշխարհային գրականության դասական Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»  է, որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:

Ցանկ է վերադարձել և ութերորդ տեղը գրավել Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը»: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» մի քանի հորիզոնականով զիջել է իր դիրքերը և հայտնվել իններորդ տեղում: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 43
2 -1

Էդգար Հարությունյան

«Չգտնված երիցուկներ»

Անտարես 40
3 +3

Սպենսեր Ջոնսոն

«Ո”ւր է իմ պանիրը» 

Էդիթ Պրինտ 19
4 *

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 16
5 *

Ջոն Բոյն

«Զոլավոր գիշերազգեստով տղան»

DirectMEDIA 15
6 +2 Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը» Անտարես 10
7 *

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ

«Մեծն Գեթսբին»

Անտարես 10
8 *

Միլան Կունդերա

«Կեցության անտանելի թեթևությունը»

Անտարես 9
9 -6

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 7
10 *

Ստեֆան Ցվայգ

«Ընտիր նովելներ»

Բուկինիստ 7

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]