ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

21:19, 7 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ պատերազմական իրավիճակում պետական կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տարածքային և պետական կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար անհրաժեշտ է սերտացնել փոխգործակցված աշխատանքը: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակում տնտեսությունում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունները՝ պետական և բարեգործական ռեսուրսների միջոցով պետք է ըստ առաջնահերթության ապահովել խաղաղ բնակչության խնդիրների լուծումը:

Անդրադառնալով հրետակոծությունից տուժած շենք-շինություններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջիկայում կստեղծվի վնասների գնահատման հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացության արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, դրանց վերականգնման համար կտրվի պետական փոխհատուցում:

Հանդիպման ընթացքում նախագահի կողմից շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին տրվել են նաև համապատասխան մի շարք հանձնարարականներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

 

 


© 2009 ARMENPRESS.am