Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին հնչեց Մոցարտի «Ռեքվիեմը»

12:05, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին ապրիլի 23-ի կեսգիշերին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչեց Մոցարտի «Ռեքվիեմը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոգեկոչման համերգին ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)։

 Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ որպես մենակատարներ հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը, մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը։
«Ինձ համար չափազանց սպասված էր Հայաստանում այս համերգով ներկայանալը: Ցանկանում էի խորհրդանշական օրը հենց Մոցարտի «Ռեքվիեմի» միջոցով ևս մեկ անգամ ասել, որ ցավի հետ առաջ մղվելու հնարավորությունն ու կամքը միշտ պիտի շարժիչ ուժը լինի ... Հույս ունեմ՝ ստացվեց: Անհամբեր եմ հայրենի հանդիսատեսի հետ այլ փորձառություն ևս անցնել և հուսամ՝ հանդիպելու առիթը շատ չի ուշանա»,- նշեց դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:

Նախագծի նախաձեռնողը Կամերային երաժշտության ազգային կենտրոնն էր, այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Նախագծի ղեկավարը և պրոդյուսերն Անուշ Քոչարյանն էր, նախագծի ղեկավարը՝ Ֆելիքս Բաբուրյանը։


© 2009 ARMENPRESS.am