«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իռլանդացի մասնակիցը շատ է սիրել Հայաստանը. BBC

17:33, 9 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակից 13-ամյա Սոֆի Լենոնը, ով «Solas» երգով ներկայացնում է Իռլանդիան, Երևանից հարցազրույց է տվել BBC-ին՝ իր տպավորությունները կիսելով Հայաստանի և մրցույթի մասին:

«Solas» իռլանդերեն նշանակում է լույս, և Սոֆին վստահ է, որ բոլորի ներսում կա լույս, պարզապես երբեմն դժվար է այն գտնել: Սոֆին առաջին անգամ չէ, որ  մեծ բեմում ելույթ է ունենալու: Նա հաղթել է 2022 թ.-ի BBC-ի «Դպրոցականների շրջանում տարվա մենակատար» անվանակարգում, իսկ ավելի վաղ Բելֆաստում ելույթ է ունեցել «Շրեք» մյուզիքլում:

Սոֆին BBC-ին հայտնել է, որ շատ է սիրել Հայաստանը և ընկերացել է Հայաստանը ներկայացնող Նարեի Ղազարյանի հետ:

«Կարող է թվալ, թե բոլորս մրցակիցներ ենք, սակայն մենք այստեղ բոլորս մի մեծ ընտանիք ենք: Մենք Հայաստանից Նարեի հետ լավագույն ընկերներ ենք դարձել, մենք ամբողջ օրը միասին ենք», - ասել է Իռլանդիան ներկայացնող մասնակիցը:

Նա նշել է, որ «Մանկական Եվրատեսիլն», ասես, հեքիաթ լինի, և որ կցանկանար այստեղ մնալ ընդմիշտ: Սոֆիի ընտանիքը ևս գալու է Հայաստան մրցույթին ներկա գտնվելու համար:

«Հույս ունեմ, որ կհաղթեմ, բայց միայն այսքան հեռու հասնելն էլ հրաշալի է», - ասել է Սոֆին:


© 2009 ARMENPRESS.am