ՀՀ ԿԸՀ-ն բաշխել է մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ՏԸՀ-ների նախագահի և քարտուղարի պաշտոնները

21:31, 16 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 16-ի հերթական նիստում որոշեց երկարացնելու ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու այն որակավորման վկայականների վավերականության ժամկետը, որոնք լրանում են 2023 թվականի հունվարի 1-ին և փետրվարի 17-ին։ Որոշման համաձայն, նշված որակավորման վկայականները վավեր կլինեն մինչև 2023 թվականի ապրիլի 3-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն իրականացրեց մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը ԱԺ խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Այսպիսով, տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 40-ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 17-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 4-ական։

Ըստ աղվյուրի՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել 2023 թվականի փետրվարի 24-ից մարտի 1-ը` մինչև ժամը 18.00-ը:

 


© 2009 ARMENPRESS.am