Գյումրեցի տատիկների «Մարջան» երգչախումբը նախատեսում է ընդլայնել երգացանկը և հանդես գալ ՀՀ մարզերում

12:40, 21 Մայիս, 2023

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգի շուրջ համախմբված գյումրեցի տատիկների նորաստեղծ «Մարջան» երգչախումբը նախատեսում է ընդլայնել երգացանկը։

«Մարջան» երգչախմբի ղեկավար, Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ցուցանմուշների պատասխանատու, երաժիշտ Մարինա Մանուչարովան «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ նորաստեղծ երգչախմբի ամենատարեց երգչուհին 90 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 70։

«Մեզ երգն ու տանից դուրս գալու գաղափարն է միավորել»,- «Արմենպրես»-ին ասաց 90-ամյա Բեթղեմ Պողոսյանը՝ նշելով՝  երգել միշտ է սիրել, բայց երբեք չէր պատկերացնում, որ երբևիցե երգելու է երգչախմբում:

Երգչախումբը ներկա պահին 10 անդամ ունի, երգացանկը ևս դեռ փոքր է՝ երկու-երեք երգ, բայց նոր երգեր սովորելու տատիկների ցանկությունը շատ մեծ է: Հանդիպում են շաբաթական երկու անգամ` թանգարանի բակում: Արդեն մի քանի համերգների մասնակցել են:  

«Շիրազի հուշատուն-թանգարանի և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում՝ իրականացվեց երաժշտաթերապիա, որին միացան սոցկենտրոնի տատիկները: Դրանից հետո միտք ծագեց, որ ես պետք է մի փոքրիկ երգչախումբ ստեղծեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց երգչախմբի ղեկավարը՝ կարևորելով այն աջակցությունը որ ստացել են Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի կողմից: «Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչին՝ աջակցության համար՝ շորերը ևս նրանց աջակցությամբ ենք կարել, և Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրենին՝ տարածք տրամադրելու համար: Առանց այս կառույցների մենք նման երգչախումբ չէինք ունենա»,- նշում է  Մարինա Մանուչարովան՝ հավելելով, որ մտածում են երգացանկը մեծացնելու ու համերգներով Հայաստանի տարբեր մարզերում հանդես գալու մասին:        

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am