Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները

15:46, 10 Հունիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակի համար կպայքարեն Արինա Անտոնոսյանը (Հայաստան), Անդրեյ Կուրբետը (Հայաստան), Յուտո Կիգուջին (Ճապոնիա), Ռուբեն Կոզինը (Հայաստան-Ռուսաստան)։

Հունիսի 11-ին կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը։ Դաշնակահարները հանդես կգան մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եզրափակիչ փուլում մասնակիցները պետք է կատարեն երկու կոնցերտ, որոնցից մեկը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։

Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է:

 


© 2009 ARMENPRESS.am