Բայդենը և Էրդողանը Վիլնյուսում քննարկել են Ուկրաինան, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

11:06, 12 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան տարածած մամուլի հաղորդագրությունը։

«Նախագահ Բայդենը շնորհավորել է նախագահ Էրդողանին Շվեդիայի վարչապետ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ձեռք բերված պայմանավորվածության համար՝ վավերացման նպատակով խորհրդարան ներկայացնելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը», - նշված է հաղորդագրությունում։  

Կողմերը նաև քննարկել են երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ջանքերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Ուկրաինային աջակցությունը և Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորությունը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ընթանում է Լիտվայի մայրաքաղաքում հուլիսի 11-12-ը։


© 2009 ARMENPRESS.am