Թուրքիան կդժվարացնի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը

12:04, 22 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան կդժվարացնի օտարերկրացիների համար Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելը՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացով պայմանավորված։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կլինի, երբ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին։ Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ Էրդողանը համաձայնել է որքան հնարավոր է շուտ փաստաթղթեր ուղարկել Թուրքիայի խորհրդարան՝ վավերացնելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, խոստացել է հայտի վավերացման դիմաց աջակցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, Անկարայում այդ հարցում չպետք է վարդագույն ակնոց կրեն։

Թուրքիայի ներգաղթային քաղաքականության մեջ ծրագրվում է նոր քայլ անել։ Այդ առնչությամբ ուսումնասիրություններ են կատարվում՝ ապաստան հայցողներին՝ հատկապես սիրիացիներին, Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելը դժվարացնելու համար։ Այսինքն՝ Թուրքիան այսուհետ ավելի զգույշ է լինելու ապաստան հայցողներին քաղաքացիություն տալու հարցում։ Դիվանագիտական ​​աղբյուրները նշում են, որ ապաստանի հայցումը մուտքի արտոնագրի հետ կապված ամենակարևոր խնդիրներից է։

Թուրքիայի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչությունը ավելի վաղ հայտնել էր երկրում բնակվող մոտ 5 միլիոն միգրանտների մասին։ Գերատեսչության տվյալներով՝ 1169 բնակավայրերում օտարերկրացիների գրանցումն արգելված է։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել էր, որ Թուրքիայի քաղաքացիները «շուտով փոփոխություններ կզգան անօրինական միգրանտների դեմ պայքարի արդյունքում»։


© 2009 ARMENPRESS.am