Երևանի ավագանու ընտրություններում  «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը կգլխավորի իրավաբան Նելլի Հարությունյանը

15:21, 23 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուժը հայրենյաց» կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններում  կուսակցության ընտրական ցուցակը պետք է գլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին կուսակցության գրասենյակից։

«Նատալյա Արզաքանցյանը նպատակահարմար է գտնում աշխատել թիմում` ի շահ Երևանի և երևանցիների,  ապահովել մեր երազանքների մայրաքաղաքի առաջընթացը:

 Այսպիսով, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը։

 Նելլի Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է իրավապահ համակարգում։ Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Եղել է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետը, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ավագ քննիչ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի իրավաբանական վարչության պետը։ Մինչ օրս «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրենի իրավախորհրդատուն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am