ՀՀ նախագահ Խաչատուրյանը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

16:14, 23 Հուլիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեծ գոհունակությամբ արձանագրում եմ, որ մեր երկրների և ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ավանդական ջերմ հարաբերությունները շարունակում են անշեղորեն ամրապնդվել։ Դրա լավագույն ապացույցն այս տարվա սկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցն էր, որով միջպետական հարաբերությունները թևակոխեցին կառուցողական երկխոսության և դինամիկ զարգացման նոր շրջան՝ ընդլայնելով համագործակցության օրակարգը։

Հայաստանը շահագրգռված է Միջին Արևելքի կայունությամբ և բարձր է գնահատում Եգիպտոսի դրական դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի գործում»։ 


© 2009 ARMENPRESS.am