Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա

14:03, 12 Օգոստոս, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների նոր փուլի վերաբերյալ որոշում չկա։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։

Մինչ այդ՝ խորհրդակցություններ են անցկացվել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։

Թեև դեռ հստակ որոշում չկա այն մասին՝ արդյոք Անկարան հոկտեմբերին հանդիպում կանցկացնի, թե՞ ոչ, այդուհանդերձ, թուրքական մայրաքաղաքը պատրաստ է միջնորդ լինել կայուն հրադադարի և հակամարտության կարգավորման գործում:

Ջիդդայում կայացած բանակցություններում Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներկայացրել են ուկրաինական հակամարտության կարգավորման այլընտրանքային ծրագիր։ Այն ներառում է Ուկրաինայի ամբողջականության պահպանումը, հրադադարի հաստատում բոլոր ճակատներում, ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղ բանակցությունների սկիզբ, ինչպես նաև՝ գերիների փոխանակում։

Խորհրդակցություններին մասնակցել են շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և Բրազիլիայից:


© 2009 ARMENPRESS.am