Բելառուսի ԿԸՀ պատվիրակությունը կդիտարկի Երևանի ավագանու ընտրությունները

19:53, 15 Սեպտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոյի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում։ Բելառուսի ԿԸՀ նախագահին ուղեկցել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հյուրերին ընդունել են ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

Ըստ աղբյուրի՝ Բելառուսի Հանրապետության ԿԸՀ նախագահը Հայաստան է այցելել Երևանի ավագանու ընտրությունների դիտարկման հրավերով։ Իգոր Կարպենկոն կարևորել է ՀՀ ԿԸՀ-ի հետ երկկողմ հարաբերությունները և ՀՀ ԿԸՀ նախագահին հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։

Նշվում է, որ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունները դիտարկելու հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու  համար։

 


© 2009 ARMENPRESS.am