Մատենադարանին  արժեքավոր նմուշներ նվիրելու համար Ներսես ավագ քահանա Ներսիսյանը պարգևատրվեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով

18:28, 12 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն հայերեն, հունարեն, ղպտերեն և ասորերեն արժեքավոր, յուրահատուկ ու չկրկնվող նմուշներով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանը պարգևատրվեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսիսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերել է բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնք ձեռք է բերել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր աճուրդներից և հավաքորդներից:

«Տարիների ընթացքում, երբ  աշխատում էի որպես Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու,  հավաքել եմ հայկական ձեռագրերի պատառիկներ և նաև տարբեր հայ մարդկանց հավաքածուներից գնել եմ տարբեր գրքեր: Տարիների ընթացքում, ամեն անգամ, երբ գալիս էի Հայաստան, մի պատառիկ բերում էի ինձ հետ: Ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ այս քանակի նյութեր եմ բերել: Բոլոր պատառիկները շատ յուրահատուկ են և միակը»,- նշեց նա:

Հուշամեդալը Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին փոխանցեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Նա խորին շնորհակալություն հայտնեց Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանին այս մեծ և կարևոր ներդրման համար:

«Այսօր շատ խորհրդանշական է, որ մենք հենց այս առիթով հանդիպելու հնարավորություն ունենք, որովհետև այսօր էլ խոսում ենք պատմության, դրա  կարևորության և այդ պատմությունը վավերագրելու կարևորության մասին: Եվ այն, որ այսօր հնարավորությունը կա ձեռագրերը ու պատառիկները փոխանցելու Մատենադարանին, որը մեր ընդհանուր պահոցն է, ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պատմությունը չի ընդհատվում, և այս վավերագրումները նաև այն կարևոր խնդիրներն են լուծում, որոնք  ապահովում են այդ պատմության շարունակականությունը:   

Մենք այսօր էլ կանգնած ենք կարևորագույն խնդրի առաջ, ինչպիսին մեր մշակութային ժառանգության պահպանությունն է Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը, ցավոք, հայտնվել է էլ ավելի բարդ իրավիճակում և որին ուղղված են մեր ջանքերը»,- ասաց նախարարը՝ կարևորելով պատմության վավերագրումը:

[gallery id= 67299]

Մատենադարանի  տնօրեն Արա Խզմալյանը երախտագիտություն հայտնեց Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանին մեծարժեք պատառիկները և ձեռագրերը Մատենադարանին նվիրելու համար:

«Տեր հոր համագործակցությունը Մատենադարանի հետ տասնամյակների պատմություն ունի: 1985 թվականից նա համագործակցում է սերտորեն Մատենադարանի հետ և այս տարիների ընթացքում արդեն շուրջ 6 տասնյակ ձեռագիր, մատյաններ և պատառիկներ է նվիրաբերել, որոնց մեջ քիչ չեն օտարալեզու նմուշները: Օրեր առաջ այստեղ էր միջազգային հեղինակություն համարվող, գիտնական, ասորագետ, որը, ծանոթանալով տեր հոր նվիրած ասորական պատառիկին, նշեց, որ, ընդհանրապես, աշխարհում նման նմուշները բացառիկ են»,- նկատեց Խզմալյանը:

Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանին Լոնդոնի համալսարանի Հեյտրոպի քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Վրեժ Ներսիսյանը երկար տարիներ (1975-2012թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:

 


© 2009 ARMENPRESS.am