Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է. ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյանի ուղերձը

12:03, 28 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանն իր ուղերձում նշել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ,

Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ:

Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության ապավենն ու երաշխավորը, որի շենացումն ու հզորացումը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:

Այս 32 տարիների ընթացքում մեր բանակն անցել է տարբեր ժամանակաշրջանների դժվարագույն փորձությունների միջով: Մենք գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի:

Մաղթում եմ, որ ձեր անկոտրում ոգին, քաջությունն ու հայրենիքին նվիրվածությունն ուղեկցեն մեզ միշտ, և խաղաղ երկնքի տակ շարունակեք ծառայությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Աստված պահապան Հայոց բանակին և հայ ժողովրդին:

Կեցցե՛ հայ զինվորը»: 


© 2009 ARMENPRESS.am