Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ նախարարությունը մանրամասներ է հայտնում

13:04, 15 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օհանավանի տարածքում Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության կողմից դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել են: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: Առաջիկայում նոր հայտնաբերված հուշարձանը կվկայագրվի և կստանա նաև նորահայտ հուշարձանի կարգավիճակ»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը քննարկել և հստակեցրել է նաև Աղձքի հայոց արքաների դամբարանի նորոգման, ամրակայման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը և պահանջները: Նախագծի մրցույթը ԿԳՄՍ նախարարությունը կհայտարարի առաջիկա օրերի ընթացքում: Քննարկվել է նաև Աղձք պատմամշակութային արգելոցի հարակից տարածքի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և արգելոցի տարածքին միացնելու հարցը:

o1.jpg (1.58 MB)

o2.jpg (1.52 MB)

o3.jpg (1.08 MB)

o4.jpg (1.72 MB)

o5.jpg (1.92 MB)

o6.jpg (1.67 MB)

o7.jpg (1.47 MB)


© 2009 ARMENPRESS.am